Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 12-ին հայտնեցին, որ ՌԴ անվտանգության դաշնային ուժերը դադարեցրել են հայ-ադրբեջանական սահմանի՝ Տեղ գյուղի ընդհարումը՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:
Զախարովայի հայտարարությանը նախորդել էր ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի պնդումը, որ հրադադարը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ուղիղ բանակցությունների արդյունքում:
Ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ կրակ են վարել հայկական ԶՈՒ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 զոհ և վիրավորներ:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ են ասել Զախարովան և Խաչատրյանը խնդրի վերաբերյալ, ինչպես նաև, թե ինչպես են նրանց խոսքերը մեջբերել հայկական լրատվամիջոցները:
Ինչ է ասել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը
Ապրիլի 12-ի առավոտյան պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հրադադարը հնարավոր է եղել երկկողմ բանակցությունների արդյունքում:
«Ոչ, որևէ միջնորդություն տեղի չի ունեցել: [Կրակը] դադարեցվել է Հայաստանի Հանրապետության համապատասխան ներկայացուցիչների՝ ուժային գերատեսչության և նրանց ներկայացուցիչների միջև խոսակցությունների և բանակցությունների արդյունքում»,- ասել է նա:
Ապրիլի 12-ին հերթական մամուլի ասուլիսի ժամանակ Մարիա Զախարովան անդրադարձել է Տեղ գյուղում արձանագրված լարվածությանը:
«Տարածքում գտնվող ՌԴ ԱԴԾ-ի զինված ուժերի և սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատուների հետ և միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար: Միջադեպը մեկ անգամ ևս հաստատում է Բաքվի և Երևանի փոխադարձ զսպվածության անհրաժեշտությունը, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համալիր պայմանավորվածությունների խստիվ պահպանումը»,- ասել նա:
Ավելի ուշ, պատասխանելով հայ լրագրողի հարցին, որը խնդրել է մեկնաբանել Արմեն Խաչատրյանի պնդումը, Զախարովան ասել է. «Մենք չենք նսեմացնում ուղիղ աշխատանքը, որը իրականացնում են կողմերը: Հրաշալի է, որ կողմերը պայմանավորվում են ամենաբարդ հարցերի շուրջ: Ես խոսել եմ աջակցությունից և երևի այդ աջակցությունը իրադրության լուծման համար պետք է մեկնաբանվի ոչ միայն և ոչ այնքան քաղաքական շարժումների առանձին ներկայացուցիչների կողմից, այլ գործադիր իշխանության կողմից, որոնք պատասխանատու են այդ ուղղության համար: Այդ գնահատականները ես կարող եմ ընդունել կամ չընդունել, մեկնաբանել և այլն, իսկ այնպես, ինչպես ասում են՝ որքան մարդ, այդքան կարծիք»: Լրագրողի արձագանքին, որ հայտարարության հեղինակը իշխող կուսակցության ներկայացուցիչն է, Զախարովան պատասխանել է. «Չէ՞ որ Հայաստանում ժողովրդավարություն է: Անտեղ բոլորը հնարավորություն ունեն արտահայտելու իրենց դիրքորոշումը»:
Այսպիսով, թեև Զախարովան ուղղակիորեն չի հաստատել, որ Ռուսաստանը դեր է ունեցել Տեղ գյուղում արձանագրված լարվածությունը դադարեցնելու հարցում, սակայն անուղղակիորեն ակնարկել է դա:
Ինչպես է հայկական մեդիան մեջբերել Զախարովային
Azdagir.am, 1in.am, Radar.am լրատվականները տարածել են Զախարովայի մեջբերումը ճշգրտորեն, սակայն վերնագրերում Զախարովային վերագրել են պնդումներ, որոնք նա չի արել: Երեք հոդվածն էլ ունեն նույն վերնագիրը՝ «ՌԴ անվտանգության դաշնային ուժերը դադարեցրել են հայ-ադրբեջանական սահմանի՝ Տեղ գյուղի ընդհարումը. Զախարովա»:
Մեկ այլ լրատվամիջոց՝ Armtimes-ը, կրկին ներկայացրել է Զախարովայի մեջբերումը՝ սակայն վերնագրում կրկին նշելով մի բան, որն ուղղակիորեն Զախարովան չի ասել՝ «ՌԴ սահմանային ծառայության ուժերի միջամտությամբ դադարեցվել է Տեղ գյուղում ընդհարումը. Զախարովա»:
Լուսինե Ոսկանյան