«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է սոցցանցերի վրացական տիրույթի գրառումները, ըստ որոնց՝ Կանադան ընդունել է այսպես կոչված ռուսական օրենքը օտարերկրյա գործակալների մասին, հետևաբար, այն որևէ խնդիր իրենից չի ներկայացնում, և Վրաստանը նույնպես պետք է ընդունի այդ օրենքը: Սակայն վրաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ տեղեկությունը սխալ է: Կանադայի կառավարությունը դեռ խորհրդարան չի ներկայացրել «Օտարերկրյա միջամտության թափանցիկության ռեգիստրի մասին» օրենքի նախագիծը, այս փուլում միայն քննարկումներ են ընթանում այդ հարցի շուրջ։ Սակայն արդեն իսկ առկա տեղեկություններից երևում է, որ եթե անգամ նշված ռեգիստրը գործարկվի Կանադայում, այն կօգտագործվի Կանադայում թշնամական պետությունների վնասակար ազդեցությունը բացահայտելու համար։ Վրաստանի օրինագծի դեպքում հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին սահմանափակումներ էին սպառնում միայն այն հիմքով, որ դրանք ֆինանսավորվում են արտերկրից:
Vox-ի ուկրաինական ծառայության փաստեր ստուգողների թիմը ստուգել է ռուսական և ռուսամետ խմբերի կողմից տարածվող պնդումները, թե մեկ տարում ԱՄՆ-ն ավելի շատ գումար է ծախսել Ուկրաինային օգնության համար, քան Աֆղանստանում պատերազմի 10 տարիներին: Որպես տեղեկության աղբյուր՝ օգտատերերը հղում էին անում Քիլի Համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտին: Սակայն իրականում դա ապատեղեկատվություն է: Քիլի Համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտը չի հայտնել, որ ԱՄՆ-ն ավելի շատ է ծախսել Աֆղանստանին օգնության վրա, քան Ուկրաինային։ Բացի այդ, ամեն տարի ԱՄՆ-ն ավելի շատ ռեսուրսներ էր ծախսում Աֆղանստանում և Իրաքում գործողություններին աջակցելու համար:
Ռուսաստանյան provereno.media-ն ստուգել է տարածված կարծիքը, թե ալկոհոլը օգնում է ընկճախտի դեմ պայքարում: Ռուսաստանցի փաստեր ստուգողների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չնայած ալկոհոլը ճնշում է նյարդային համակարգը, փոքր չափաբաժինները կարող են կանխել դեպրեսիան։ Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ալկոհոլը կարող է կանգնեցնել արդեն իսկ զարգացած դեպրեսիան: Այնուամենայնիվ, գիտնականները դեռևս ապացույցներ չունեն մարդկանց շրջանում դեպրեսիայի դեպքում ալկոհոլային խմիչքների օգուտների մասին, բայց կան ապացույցներ, որ ալկոհոլը կարող է վատթարացնել իրավիճակը, և բավականին շատ ապացույցներ: Ավելին, ալկոհոլը անհամատեղելի է դեպրեսիայի բուժման համար նախատեսված դեղամիջոցների, առաջին հերթին հակադեպրեսանտների հետ։
Աշխարհ
Բրիտանական Reuters գործակալության փաստեր ստուգող թիմն անդրադարձել է այս շաբաթ սոցցանցերում տարածված՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նկարին, որտեղ նա հագել է սպիտակ վերարկու:
The boys in Brooklyn could only hope for this level of drip pic.twitter.com/MiqkcLQ8Bd
— Nikita S (@singareddynm) March 25, 2023
Փաստեր ստուգողներն ընդգծել են, որ լուսանկարը տարածվել է առանց համատեքստի՝ չհայտնելով, որ պատկերը ստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով, և Պապի իսկական լուսանկարը չէ: BuzzFeed News-ը հարցազրույց է վերցրել լուսանկարը ստեղծողի հետ, որն ասել է, որ պատկերն արվել է Midjourney-ի միջոցով:
Ամերիկյան Politifact-ը ստուգել է պնդումը, թե ԱՄՆ-ում զենքի կիրառման պատճառով երեխաների և դեռահասների մահվան թիվը գերազանցում է ավտովթարների հետևանքով զոհերին: CDC-ի 2021 թվականի տվյալները ցույց են տալիս, որ 1-ից 19 տարեկան մարդկանց համար հրազենի կրակից մահերը զբաղեցնում են առաջին տեղը: Ավտովթարներից մահերը երկրորդ տեղում են: Դա ընդհանուր տարիքային տիրույթի համար է և այդ խմբի յուրաքանչյուր տարիքի մահվան հիմնական պատճառը չէ: Տասնամյակներ շարունակ ավտովթարները երիտասարդների մահվան հիմնական պատճառն էին:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը