Փետրվարի 8-ին ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հայտարարեց 6 դատավորի պաշտոնավարման դադարեցման մասին․ նրանք են՝ Արա Կուբանյանը, Գևորգ Նարինյանը, Բորիս Բախշիյանը, Աղվան Պետրոսյանը, Դավիթ Գրիգորյանն ու Արուսյակ Ալեքսանյանը։
«․․․Օրենսդրական փոփոխության համաձայն՝ այսուհետ 1 ամսից ավելի լիազորությունները կասեցված դատավորների փոխարեն հնարավոր կլինի կատարել նոր նշանակումներ, ինչը կնպաստի դատարանների գերծանրաբեռնվածության թոթափմանը»,- ասվում է ԲԴԽ հաղորդագրության մեջ։
«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով ԲԴԽ հրապարակման մեջ հիշատակված օրենսդրական կարգավորումը, պարզեց, որ այն դատավորի պաշտոնավարման դադարեցման հիմք չէ։
Այսպես, օրենսդրական կարգավորումը, որին հղում է անում ԲԴԽ-ն, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ 2023 թվականի հունվարի 7-ից ուժի մեջ մտած 165-րդ հոդվածի փոփոխություններն են․ դրանք, սակայն, սահմանում են միայն դատավորի լիազորությունների՝ մեկ ամսից ավելի կասեցված լինելու դեպքում նրան փոխարինող այլ դատավորի նշանակումը․ «Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ մինչև քրեական վարույթի ավարտը»։
«Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում դատավորի լիազորությունների կասեցումը տևում է մեկ ամսից ավելի, ապա տվյալ դատավորի փոխարեն դատարանում շարունակում է պաշտոնավարել համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորը՝ սույն օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով, իսկ համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորի բացակայության դեպքում տվյալ դատավորի պաշտոնը համարվում է թափուր», — ասվում է հոդվածում:
Հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում, եթե քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով, դատավորը ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ:
Իսկ ահա դատավորների լիազորությունների դադարեցման հիմքերը սպառիչ կերպով թվարկված են բացառապես «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համապատասխանաբար 159-րդ և 160-րդ հոդվածներում։
160-րդ հոդվածը սահմանում է՝
Դատավորի լիազորությունները կարող են դադարել կամ դադարեցվել բացառապես և միայն վերոհիշյալ հոդվածներում թվարկված հիմքերով։
Փաստացի, ԲԴԽ-ն ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարում է, որ դադարեցրել է դատավորների լիազորությունները ոչ թե օրենքով սահմանված հիմքերով, այլ մի օրենսդրական կարգավորմամբ, որը չի սահմանում դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման հիմքեր․ ԲԴԽ հիշատակած հոդվածը պարզապես դատավորի՝ մեկ ամսից ավելի լիազորությունների կասեցման հետևանքով առաջացած թափուր հաստիքների համալրման ժամկետներն ու հիմքերն է սահմանում։
Հավելենք, որ լիազորությունների կասեցումը ժամանակավոր է և ավարտվում է ինչ-որ պահի, իսկ լիազորությունների դադարեցումն անժամկետ է ու վերջնական։
Այսպիսով, ԲԴԽ-ն հայտարարել է 6 դատավորի պաշտոնավարման դադարեցման մասին՝ ՀՀ օրենքով չնախատեսված հիմքի հղում անելով, որը չի ենթադրում դատավորների պաշտոնավարման դադարեցում, այլ պարզապես ենթադրում է կասեցված լիազորություններով դատավորների փոխարեն ռեզերվային դատավորների ժամանակավոր նշանակում։
Վաղարշ Աղաբեկյան