Հունվարի 30-ին՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումների ընթացքում, Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամադովը հայտարարել է, թե Հայաստանի ներկայացուցիչներն աղավաղել են Լեռնային Ղարաբաղի հայերի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը:
Տեղեկանք. Էկոակտիվիստ ներկայացող և Ադրբեջանի իշխանությունների հետ փոխկապակցված մի խումբ ադրբեջանցիներ 2022 թ. դեկտեմբերի 12-ից փակել են Լաչինի միջանցքը՝ այնտեղ վրաններ տեղադրելով։ Այդ գործողությամբ Ադրբեջանը խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որով «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:
Ճանապարհի փակումը հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել Լեռնային Ղարաբաղում, առկա է սննդամթերքի և դեղորայքի պակաս: Հայաստանը դատարանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի խտրական վերաբերմունքը Հայաստանի և հայության նկատմամբ և հատուցել պատճառած վնասը։
Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում ելույթ ունենալիս, մասնավորապես, ասել է, որ եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն` թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ ու սովամահ լինել. «Ադրբեջանի նախագահը պահանջել է, որ ԼՂ հայերը մեկնեն այնտեղից։ Ճանապարհը բաց է բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում իրենց քաղաքացին դառնալ»,— ընդգծել է Եղիշե Կիրակոսյանը։
Իր ելույթում Ադրբեջանի ներկայացուցիչ Մամադովը հերքել է, որ Ալիևը նման բան է ասել. «Դուք լսեցիք, որ Հայաստանը այսօր առավոտյան ասում էր, որ Ադրբեջանի նախագահը կոչ է արել վտարել էթնիկ հայերին Ղարաբաղից: Նրա խոսքերը մի քանի անգամ որպես սպառնալիք են մեջբերվել. «ճանապարհը բաց է հայերի հեռանալու համար»: Սակայն սա աղավաղում է, մաքուր և պարզ: … Մեր նախագահն այսօր առավոտյան Հայաստանի կողմից մեջբերված նույն հայտարարության մեջ պարզ ասում է, որ էթնիկ հայերը Ադրբեջանի ցանկալի քաղաքացիներ են. «Անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն այնտեղ ապրել ցանկացողների համար։ …Ինչպես Ադրբեջանի մնացած բոլոր քաղաքացիների, այնպես էլ նրանց իրավունքներն ու անվտանգությունը ապահովված կլինեն»։
Իրականում, սակայն, Մամադովն ինքն է մանիպուլացնում և աղավաղում Ալիևի խոսքերը:
Հունվարի 10-ին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ նրանց համար, ովքեր չեն ուզում Ադրբեջանի քաղաքացի դառնալ, Լաչինի ճանապարհը բաց է:
«…Եթե որևէ մեկը չի ցանկանում դառնալ մեր քաղաքացին, ապա ճանապարհը ոչ թե փակ է, այլ բաց։ Նրանք կարող են հեռանալ, կամ կարող են ինքնուրույն հեռանալ, նրանց ոչ ոք չի խանգարի, կամ կարող են հեռանալ խաղաղապահների բեռնատարներով, կամ գուցե ավտոբուսով։ Ճանապարհը բաց է»,- հայտարարել է Ալիևը:
Ի դեպ, Ալիևը առաջին անգամ չէ, որ նման պահանջ է ներկայացնում Արցախի հայերին: 2022 թ. հոկտեմբերի 7-ին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր. «Ով համարում է, որ պետք է ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, կարծում եմ, որ չի փոշմանի։ Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով սա ինչ-որ մեկին չի համապատասխանում, ապա նրանք կարող են ապրելու համար այլ տեղ ընտրել»։
Այսպիսով, ՄԱԿ-ի միջազգային դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչը մանիպուլացնում է Ադրբեջանի նախագահի խոսքերը: Ալիևն իսկապես կոչ է արել ԼՂ հայերին հեռանալ, եթե չեն ցանկանում ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը:
Լուսինե Ոսկանյան