Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի մարդկանց աշխարհագրության բաժնի ղեկավար Զաքիր Էմինովը նոյեմբերի 22-ին ակադեմիայում տեղի ունեցած սեմինարի ժամանակ որոշ ուշագրավ տվյալներ էր ներկայացրել Ադրբեջանի բնակչության վերաբերյալ:
Մասնավորապես, Էմինովը պնդել էր, որ Ադրբեջանի տարածքում բնակվում են շուրջ 120 հազար հայեր, իսկ կոնկրետ Բաքվում` 20 հազար:
Թե ի՞նչ տրամաբանությամբ է Էմինովը կատարել իր հաշվարկները` պարզ չէ: Հնարավոր է, որ նա, հավատարիմ Բաքվի պաշտոնական դիրքորոշմանը, Արցախը համարել է Ադրբեջանի անբաժանելի մաս և ըստ այդմ հաշվել ղարաբաղցիներին՝ որպես Ադրբեջանի տարածքում բնակվող հայեր: Սա կարող է բնորոշ լինել ադրբեջանական ավանդական քարոզչությանը և հռետորաբանությանը, սակայն նույնիսկ այս դեպքում ծայրերը միմյանց չեն հասնում:
Այսպես, ըստ ԼՂՀ պաշտոնական տվյալների, Արցախի բնակչությունը կազմում է 146,6 հազար մարդ, այսինքն ավելի, քան Էմինովի նշած 120 հազարը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտոնական տվյալներին, ապա ըստ 1989 թվականի համամիութենական մարդահամարի տվյալների՝ Ադրբեջանական ՍՍՀ տարածքում բնակվել է 390 հազար 505 հայ, իսկ արդեն 2009 թվականի մարդահամարի տվյալների համաձայն` 120.300 հայ: Միևնույն ժամանակ, սակայն, ըստ Ադրբեջանի վիճակագրության պետական հանձնաժողովի 1999 թվականի տվյալների՝ Բաքվում բնակվել է ընդամենը 378 հայ: Սա այն դեպքում, որ դրանից ընդամենը 10 տարի առաջ` մինչ Բաքվում էթնիկ զտումները, այդ քաղաքում 1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակվել է ավելի քան 200 հազար հայ: Այսինքն, Բաքուն Ադրբեջանի անկախության ընթացքում մոտ 99,8 տոկոսով հայաթափվել է:
Ստացվում է, որ եթե նույնիսկ ընդունենք, որ խոսելով Ադրբեջանում 120 հազար հայերի բնակության մասին, Բաքուն ընդամենը տուրք է տալիս իր պետական հռետորաբանությանը և Արցախը համարում իր երկրի մաս (սակայն, ինչպես նշվեց վերը, 120 հազարը չի համապատասխանում ԼՂՀ պաշտոնական վիճակագրությանը), ապա էմինովի մյուս պնդումը, թե Բաքվում 20 հազար հայ է բնակվում, ընդհանրապես չի տեղավորվում ոչ տրամաբանության, ոչ պաշտոնական վիճակագրության շրջանակներում:
Իհարկե, հնարավոր է, որ Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում կան հայեր, ովքեր թաքցնում են իրենց ինքնությունն անվտանգության նկատառումներով, բայց այսպես կոչված «ծպտյալ» հայերի մասին ոչ մի ստույգ տվյալներ լինել չեն կարող: