Հոկտեմբերի վերջին Twitter սոցիալական ցանցն արգելեց ռուսական Russia Today հեռուստաընկերությանը և «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը գովազդներ տեղադրել իր ցանցում։ Արգելքի հիմքում այս երկու լրատվամիջոցների «միջամտությունն» է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Սակայն, Russia Today-ն ազատ է գովազդելու իր լրատվամիջոցն ու լուրերը այլ ցանցերում, օրինակ, Ֆեյսբուքում, ինչն էլ անում է, բայց ոչ բարեխիղճ կերպով։ Թիրախավորելով լսարանը՝ ՌԴ պետական լրատվամիջոցը սեփական էջի բաժանորդներին հավաքում է օգտատերերի հուզականության և անուշադրության հաշվին։
Այս օրերին հեռուստաընկերությունը Ֆեյսբուքի հայկական սեգմենտում տարածում է իր էջի գովազդն՝ օգտագործելով 1976թ. Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի 20 ուղևորներին փրկած Շավարշ Կարապետյանի լուսանկարը։ Կարապետյանի և լճում հայտնված տրոլեյբուսի ֆոտոները մակագրված են․ «Հավանի՛ր, եթե հպարտանում ես նրանով»։ Նման կերպ, սակայն, օգտատերը հավանում է ոչ թե տեղադրված լուսանկարները, այլ բաժանորդագրվում է RT-ի նորություններին։ SUT.am-ը համառոտ պատմում է, թե ինչ է Russia Today-ը, ինչ նպատակ է հետապնդում և թե էլ ինչ եղանակներ է օգտագործում լսարանին ապակողմանորոշելու համար։
Ի՞նչ է Russia Today-ը
RT-ն միջազգային լրատվամիջոց է, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Հեռուստաընկերության միջազգային ծառայությունն անգլերենով հեռարձակվում է ԱՄՆ-ում և Միացյալ Թագավարությունում։ Անգլերենից բացի RT-ն հեռարձակվում է նաև արաբերենով և իսպաներենով։ Մինչև 2014 թվականը նախատեսվում էին հեռարձակումներ նաև գերմաներենով և ֆրանսերենով, սակայն ռուսական ռուբլու արժեքի անկման պատճառով ստեղծված ճգնաժամի արդյուքնում այս նախագծերը չեղարկվեցին։
Լրատվականի կայքէջում, այնուամենայնիվ, գործում են ֆրանսերեն և գերմաներեն տարբերակները։ Թեև լրատվամիջոցը ներկայանում է որպես «այլընտրանքային» լրատվություն տվող միջոց, սակայն այն ընկալում են որպես Ռուսաստանի պետական դիրքորոշումն ու շահերը քարոզող մեդիա։ Նշված հեռուստաալիքներից բացի RT-ին են պատկանում նաև RUPTLY և «In the Now» նախագծերը, ինչպես նաև վավերագրական ֆիլմերի արտադրությամբ զբաղվող RT Documentary-ն։
Ո՞րն է RT-ի նպատակը
RT-ն հայտնի է որպես Ռուսաստանի պետական պրոպագանդայի գործիք։ Դրա լսարանը հիմնականում արտասահմանյան է։ Այն նախատեսված է նաև Ռուսաստանից դուրս բնակվող ռուսների և ռուսախոս մարդկանց համար։ Հեռուստաընկերության նպատակն է այդ լսարանին հասցնել համաշխարհային հետաքրքրություն առաջացնող, ինչպես նաև տեղական նշանակության իրադարձությունների վերաբերյալ «տեսակետ Ռուսաստանից»։ Այս մասին դեռևս 2005թ., երբ նոր էր գործարկվում հեռուստաընկերությունը, անկաշկանդ ասել էր լրատվամիջոցի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը։ 4 տարի անց՝ 2009-ից սկսած, Russia Today-ն իրեն սկսեց անվանել RT` նվազեցնելու հեռուստաընկերության ռուսական ազդեցության ակնհայտությունը։
Հեռուստաընկերության պահպանման համար Ռուսաստանը տարեկան հատկացնում է 300 միլիոն ամերիկյան դոլար։ RT-ն երբեք քննադատորեն չի լուսաբանում ՌԴ իշխանություններին, նախագահ Պուտինին։ Ընդհակառակը, ամեն կերպ «սևացնում» է արևմտյան քաղաքական գործիչներին, նրանց գործունեությունը։ Արևմտյան առաջնորդների բացասական կերպարի ստեղծմանը զուգահեռ, հեռուստաընկերությունը Վլադիմիր Պուտինին ամեն կերպ ներկայացնում է որպես համաշխարհային համբավ և հարգանք վայելող պետական գործիչ։
Մեկ այլ խնդիրն էլ այն է, որ RT-ն այդ շահեկան տեսակետը տեղ հասցնելու համար շատ հաճախ դիմում է տարատեսակ մանիպուլյացիաների, ապատեղեկատվությունների և կեղծ նորությունների տարածմանը։
Ինչպե՞ս է Russia Today-ը խաբում լսարանին
Russia Today-ում մարտից գործարկվել է այլ լրատվամիջոցների հրապարակած փաստերի ստուգման կայք, որը մոտ 9 ամսվա ընթացքում 18 հրապարակում է թողարկել։ Սակայն, ուշագրավ է հանգամանքը, որ հեռուստաընկերությունն ամենից հաճախ կեղծ լրատվություն տարածող լրատվամիջոցների շարքում է։
Կան RT-ի ապատեղեկատվությունների և ֆեյք նորությունների տարածման հարյուրավոր բացահայտված դեպքեր, ինչպես նաև բեմադրված ռեպորտաժների հեռարձակման տասնյակ նախադեպեր։ Դրանցից ամենաթարմ ու ամենազավեշտալիներից մեկը հոկտեմբերի 6-ին՝ Վլադիմիր Պուտինի ծննդյան նախօրեին, հրապարակած ռեպորտաժն էր։ Տեսանյութում RT-ն պատմում էր Պուտինի ծննդյան կապակցությամբ Նյու Յորքի ռեստորաններից մեկում ՌԴ նախագահի պատվին մատուցվող տոնական բուրգերի մասին։ Հրապարակումից հետո հայտնի դարձավ, սակայն, որ նշված ռեստորանում նման բուրգեր չի մատուցվել, և հեռուստաընկերությունը բեմադրել է ռեպորտաժը ռեստորանի երկու աշխատակիցների մասնակցությամբ։ Ժամեր անց RT-ն իր Յութուբի ալիքից հեռացրեց ռեպորտաժը «խմբագրական չափանիշներին անհամապատասխանության» պատճառով։ «Պուտինբուրգերի» մասին պատմող տեսանյութի հատվածները, սակայն, արդեն հեռարձակվել էին և շարունակեցին հեռարձակվել «Ռոսսիա 24»-ով և ռուսական այլ հեռուստաընկերություններով։ Ռեպորտաժներում պատմվում էր Պուտինի «բացառիկ քաղաքական գործիչ» լինելու մասին։
Նման կեղծ հրապարակումները բազմաթիվ են։ Հեռուստաընկերության ֆեյք հրապարակումները հիմնականում վերաբերում են միջազգային քաղաքականությանը, սակայն քիչ չեն նաև ներքին լսարանի համար ապատեղեկատվական նորությունները։ SUT.am-ն ավելի վաղ գրել էր նաև ՌԴ-ում Ռազմաօդային դեսանտի զորքերի օրվա տոնակատարության ժամանակ ռուսական «НТВ»-ի ուղիղ եթերում տեղի ունեցած միջադեպի՝ RT-ի կեղծ լուսաբանման մասին։ RT-ն բոլորովին այլ կերպ էր ներկայացրել տեղի ունեցած միջադեպը՝ դրանում մեղավոր ռուս տղամարդուն ներկայացնելով որպես ուկրաինացի։