«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է սոցցանցերում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ Վրաստանի և Ռուսաստանի սահմանի վրացական կողմում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից պահանջում են ստորագրել փաստաթուղթ, որով Ռուսաստանը ճանաչվում է ագրեսոր և օկուպանտ երկիր։ Նման հաղորդագրություններին կցվում է նաև ենթադրյալ փաստաթղթի լուսանկարը, որի տեքստը պարունակում է մի շարք քերականական սխալներ։ Վրաստանի ոստիկանությունը, այնինչ, հերքել է նման պահանջի գոյությունը ռուսաստանցիների համար, այսինքն՝ սոցցանցերում տարածված պնդումը ապատեղեկատվություն է:
Ռուսական Проверено-ն ստուգել է տեղեկությունը, թե Դաղստանում զորահավաքը կասեցվել է: Նման պնդումներ սոցցանցերում տարածվել են այն բանից հետո, երբ Դաղստանի տարբեր քաղաքներում զորահավաքի դեմ բողոքի ակցիաներ սկսվեցին: Ի պատասխան զանգվածային ցույցերի, Դաղստանի զինվորական կոմիսար Դեյթբեգ Մուստաֆաևը, իբր, հրաման է արձակել հանրապետությունում զորահավաքը դադարեցնելու մասին։ Այս հրամանի լուսանկարը արագ տարածվեց համացանցում, իսկ բազմաթիվ աղբյուրներ գրեցին զորահավաքի ամբողջական վերացման մասին։ Փաստաթղթում իբր ասվում էր, որ զորահավաքը դադարեցվել է, քանի որ «հանրապետության բնակիչներից հավաքագրվել են բավարար թվով մոբիլիզացված քաղաքացիներ»։
Իրականում, սակայն, նման հրաման ոչ միայն չի եղել, այլև Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ զորահավաքն ընթանում է ծրագրվածին համապատասխան, և Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջադրած խնդիրները կիրականացվեն:
Ուկրաինական VoxCheck-ը ստուգել է համացանցում տարածված տեղեկությունը, թե Ուկրաինայի ԱԳՆ-ն Գերմանիայի և Չեխիայի կառավարություններից պահանջում է արգելել ռուսամետ ցույցերը։ Ուկրաինացի փաստեր ստուգողները պարզել են, որ դա ապատեղեկատվություն է, և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը երբեք նման պահանջներ չի ներկայացրել Գերմանիայի և Չեխիայի կառավարություններին:
Աշխարհ
Բրիտանական Reuters-ը ստուգել է սոցցանցերում տարածված լուսանկարը, որում իբր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է 1991 թ.-ի Նյու Յորքի փրայդի ժամանակ: Իրականում նկարը խմբագրվել է: Բնօրինակ նկարն արվել է 2006 թ.-ին, և դրանում Զելենսկին չկա:
Ամերիկյան Politifact-ը ստուգել է սոցցանցերում տարածված պնդումը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հազիվ է զսպել ծիծաղը Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ: Ամերիկացի փաստեր ստուգողները հայտնել են, որ դա ապատեղեկատվություն է: Գրառումը ներառում է Փելոսիի այցի տեսագրությունը, որում նա հուզված տեսք ունի՝ դեմքը թաշկինակով փակած: Սակայն ավելի երկար տեսագրությունը ցույց է տալիս, որ Փելոսին չի ծիծաղում:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը