«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան Factcheck.ge-ն ուսումնասիրել է սոցցանցերի վրացական և ռուսական տիրույթներում տարածված գրառումը, ըստ որի՝ եվրոպական տարբեր երկրներում թույլատրված է երեխաների սեռի փոփոխությունը հորմոնալ թերապիայի միջոցով: Վրաստանցի փաստեր ստուգողները բացահայտել են, որ իրականում, բացառությամբ հատուկ դեպքերի, եվրոպական երկրներում անձը հորմոնալ թերապիայից առաջ պետք է լինի առնվազն 16 տարեկան, իսկ սեռափոխության վիրահատության ենթարկվելու համար՝ առնվազն 18 տարեկան:
Ադրբեջանական Fakt Yoxla-ն ստուգել է Ադրբեջանի «Սպիտակ» կուսակցության ղեկավար Թուրալ Աբասլիի պնդումը, թե ԱՄՆ-ում հարկերից խուսափելու համար պատիժը 60-70 տարի է: Փաստեր ստուգողները պարզել են, որ ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ հարկերից խուսափելու համար ֆիզիկական անձինք տուգանվում են մինչև 100 հազար դոլարի չափով (ընկերությունները՝ մինչև 500 հազար դոլար) կամ ազատազրկվում են ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով։ Որոշ դեպքերում կիրառվում են երկու պատիժները միաժամանակ։
Ռուսական Проверено-ն ստուգել է համացանցում տարածված տեսանյութը, որում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն իբրև թե ասում է, թե դեռ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Սակայն, իրականում, պատվաստվելու մասին ԱՀԿ-ի տնօրենը հայտնել էր դեռևս 2021 թ. մայիսին: 2022 թ. օգոստոսին ԱՀԿ-ի թվիթերյան էջը կրկին տարածել է այդ հայտարարությունը և Գեբրեյեսուսի պատվաստումը պատկերող նկարը՝ հավանաբար ի պատասխան տարածված ապատեղեկատվության:
Աշխարհ
Բրիտանական Reuters-ի փաստեր ստուգողների թիմն ուսումնասիրել է սոցցանցերում տարածված տեսանյութը, որը, ըստ օգտատերերի, իբրև թե պատկերում է, թե ինչպես են ուկրաինացի գյուղացիները հավաքում հացահատիկը ռուսական հրետանու կրակի տակ:
Փաստեր ստուգողները պարզել են, որ տեսանյութն իրականում նկարահանվել է, ոչ թե Ուկրաինայում, այլ Միչիգանում (ԱՄՆ):
Կրակի բռնկումը պատերազմի հետ կապ չուներ և կապված էր տեխնիկական պատճառների հետ:
Ամերիկյան Politifact-ը ստուգել է ֆեյսբուքյան գրառումներն այն մասին, որ ամերիկյան բանակը գտնվում է Ուկրաինայում և պայքարելու է Ռուսաստանի դեմ: Ամերիկացի փաստեր ստուգողներին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտից հայտնել են, որ այդ տեղեկությունը կեղծ է՝ ամերիկյան զինված ուժերը չեն գտնվում Ուկրաինայում: Politifact-ը հիշեցրել է նաև, որ փետրվարի 12-ին Պենտագոնը հրամայել էր Ուկրաինայում տեղակայված ամերիկյան զորքերին լքել երկիրը՝ ռուսական կանխատեսվող ներխուժման պատճառով:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը