«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան Factcheck.ge-ը ստուգել է «Էմի» հակավաքսային խմբի տարածած տեղեկությունը, թե «Մոդերնայի» ստեղծողներն ընդունել են, որ երբեք չեն տեսել կորոնավիրուսն առաջացնող վիրուսը: «Համաշխարհային տնտեսական ֆորումի կոնֆերանսում «Մոդերնայի» ներկայացուցիչը պարզ տեքստով ասաց՝ առանց «վիրուսի» նմուշի, մենք վերցրեցինք Չինաստանի կողմից հրապարակված գեների հաջորդականությունը և մշակեցինք «պատվաստանյութ»՝ հիմնված համակարգչային սիմուլյացիաների վրա»,- ասվում էր հրապարակման մեջ:
Այդ մարդը, սակայն, որին մեջբերում էին հակավաքսային էջի հրապարակման մեջ, իրականում «Մոդերնայի» ներկայացուցիչ չէր, այլ Illumina Inc ընկերության նախագահ Ֆրենսիս Դեսոուզան: Նա և գիտատեխնիկական այլ ընկերությունների ներկայացուցիչները քննարկում էին, թե ինչպես աշխարհին նախապատրաստեն հետագա համավարակներին:
Դեսոուզան իրականում ելույթ ունենալիս ասում է. «ԱՀԿ-ն առաջին ծանուցումը հրապարակեց 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Իսկ 10 օր անց հրապարակվեց վիրուսի գենոմը… Նրանք (գիտնականները) պարզապես վերցրել են տվյալները՝ չդիպչելով կենդանի վիրուսին։ Նրանք օգտագործել են գենետիկական տվյալները, որոնք ստացվել են հաջորդականության մեքենաներից, և սկսել են պատվաստանյութ մշակելու ծրագիրը: Ներկայումս աշխարհի 190 երկրներում կիրառվող «գեների հաջորդականության» տեխնոլոգիայի շնորհիվ մենք արդեն կարող ենք հետևել, թե ինչպես է վիրուսը մուտացիայի ենթարկվում, ինչպես է այն տարածվում»։
Վրաստանցի փաստեր ստուգողները եզրակացրել են, որ «Էմի» խմբի հայտարարությունը փաստերի աղավաղում է, քանի որ իրականում գիտնականներին հաջողվել է առանձնացրել վիրուսը, ինչի լուսանկարները համացանցում առկա են:
Ղազախստանյան Factcheck.kz-ը ուսումնասիրել է ռուսալեզու հարթակներում տարածվող տեղեկությունը, թե իբր կենսաբանական դիվերսիա է տեղի ունեցել Ռուսաստանում և ջրում առկա է խոլերայի վարակ: Տեղեկությունը հերքել են ինչպես Ռուսաստանի առողջապահական գերատեսչությունները, այնպես էլ Ղազախստանի առողջապահության նախարարությունը: Ղազախստանցի փաստեր ստուգողները ամփոփել են, թե ինչ աղբյուրներից է տարածվել այս կեղծ լուրը, և դիտարկել են դա ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում:
Ռուսական Проверено-ն ստուգել է շատ տարածված այն տեսակետը, թե պառկած կարդալը վնասում է տեսողությունը: Պարզվել է, որ այդ սովորությունը չի բերում տեսողական անդառնալի խանգարումների: «Առավելագույնը, որը կարող է սպառնալ հորիզոնական դիրքում կարդալու սիրահարներին, աչքերի հոգնածությունն է, որը կարող է առաջանալ նաև ցանկացած այլ դիրքով կարդալիս, հատկապես, եթե գրքի և աչքերի միջև անհրաժեշտ հեռավորությունը չի պահպանվում։… Բացի այդ, կան ապացույցներ, որ արդեն իսկ տեսողության խանգարումներ ունեցող դեռահասներին մեջքի վրա պառկած կարդալը կարող է նույնիսկ օգնել դանդաղեցնել հիվանդության առաջընթացը»,- գրել են ռուսաստանցի փաստեր ստուգողները:
Միջազգային
Բրիտանական Reuters-ը ստուգել է Ֆեյսբուքում մեծ տարածում ունեցող պնդումը, թե Աշխարհի գավաթի խաղարկության ընթացքում Արգենտինան կհայտարարի տոնական օրեր՝ 40-օրյա տևողությամբ: Որպես աղբյուր՝ նշվում է TNT Sport-ը, որը բրիտանական կայքին հայտնել է, որ տեղեկությունը տարածվել է երգիծական բնույթ ունեցող հաշվից: Բացի այդ, Reuters-ը նման տեղեկություն չի գտել ո՛չ Արգենտինայի կառավարության կայքում, ո՛չ էլ տեղական մեդիայում:
Ամերիկյան Snopes-ն անդրադարձել է Թվիթերում տարածվող գրառմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կհանրայնացնի Եվրոպան բնակչությունից զրկելու ԱՄՆ-ի պլանը:
🇷🇺#Putin: I will make public the depopulation plan that the #UnitedStates and #Europe have prepared. It will be the scientists hidden in bio-weapons labs that have been found Who will uncover everything, they are right now in #Moscow.@jaccocharite @ArdinalRais @ChinaInfo777 pic.twitter.com/0K16BZcu7w
— Valeria (@Valeh_rie) July 13, 2022
Ամերիկացի փաստեր ստուգողները չեն գտել նման հայտարարություն Պուտինի ելույթներում և նրա պաշտոնական էջերում և եզրակացրել են, որ տեղեկությունը կեղծ է:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը