Հունիսի 27-ին առցանց մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով 1 տարվա ընթացքում 4 ընկերություններում իր եղբոր՝ տնօրեն նշանակվելու մասին հարցին, հանդես եկավ մանիպուլյատիվ պնդումներով։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել էր, որ նախորդ տարվա ապրիլ ամսից սկսած Նիկոլ Փաշինյանի եղբայրը դարձել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին և նրա ընտանիքին պատկանող մի շարք ընկերությունների տնօրեն։
Հարցին, թե արդյո՞ք տեղի ունեցածը ունեցվածքի վերաբաշխման նման չէ, վարչապետը պատասխանեց, որ իր եղբայրն ընդամենը ընկերությունների խմբի տնօրեն է և ոչ ավելի։
«Տեսեք՝ ինչ ահասարսուռ է հնչում, 4 ընկերության տնօրեն։ Իրականում 1 ընկերությունների խմբում աշխատում է տնօրեն: Ես կարող եմ սեփական օրինակով ասել․ երբ ժամանակին զբաղվում էի լրատվամիջոցի գործերով, կար թերթ, կար տպարան, մի քանի ՍՊԸ, և էդ ՍՊԸ-ների տնօրենը մի մարդ էր, որովհետև դա, ըստ էության, ընկերությունների խումբ է, որը իրար հետ փոխկապակցված գործում է, և նման դեպքերում նախընտրելի է ունենալ մեկ տնօրեն. մեկ տնտեսական օրգանիզմի մասին է խոսքը»,- պատասխանեց Փաշինյանը։
Ի հեճուկս վարչապետի պնդման՝ FIP.am-ը հոդվածում նշել էր, թե ինչպիսի գործունեություն են ծավալում այս ընկերությունները։ Համաձայն այդ տվյալների՝ «Գոու Թրեյդ» ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների վարձույթով և լիզինգով։ «Մինա-Մայա» և «Արգիշտի-2» ՍՊԸ-ները՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, իսկ «Միթ Ագրո» ընկերությունը՝ մսի առևտրով։
Այս ընկերություններից միայն երկուսն են իրենց գործունեության տեսակով միմյանց հետ փոխկապակցված (էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Մինա-Մայա» և «Արգիշտի-2» ընկերությունները):
Այսպիսով փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե իր եղբայրը ոչ թե 4 ընկերությունների տնօրեն է, այլ միմյանց հետ փոխկապակցված ընկերությունների խմբի տնօրեն, մանիպուլյատիվ է, քանի որ, ըստ էության, նշված ընկերություններից միայն երկուսն են իրենց գործունեության տեսակով միմյանց հետ փոխկապակցված։
Սևադա Ղազարյան
Հակոբ Կարապետյան