Օրերս Հայաստան այցելած Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման ժամանակ պաշտոնյաները, խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճի մասին, տարբեր թվեր հնչեցրին։ Գնահատելով երկրների միջև ապրանքաշրջանառության աճը՝ Կարեն Կարապետյանն ասաց, — «Ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև հաստատուն կերպով աճում է, մենք քիչ առաջ Դմիտրի Անատոլիչի հետ արձանագրեցինք՝ այս տարվա 8 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև աճել է 23․5 տոկոսով»։
ՌԴ վարչապետ Մեդվեդևը, սակայն, չհամաձայնեց Կարեն Կարապետյանի ներկայացրած թվերի հետ: Նրա թվերով՝ հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է ոչ թե 23․5, այլ 30 տոկոսով։ «Կարեն Վիլգեմիչ, հարգելի ընկերներ, ինձ մոտ ավելի լավ թվեր են։ Հունվար-օգոստոս ամիսներին առևտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, առաջարկում եմ հետագայում օգտագործել հենց այս թիվը», — ասաց Մեդվեդևը։
Անատոլիչի այս խոսքերին Կարապետյանը արձագանքեց, որ կասկածներ ունի Հայաստանի վիճակագրական ծառայության աշխատանքի վերաբերյալ և համաձայնեց օգտագործել Ռուսաստանի ներկայացրած թվերը։
Կարապետյանի և Հայաստանի ԱՎԾ-ի թվերը
Հայաստանի ԱՎԾ-ին, ցուցանիշները կեղծելու մեջ մեղադրում են շատերը՝ տնտեսագետներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ և այլն, սակայն մեղադրանքները վերաբերում են թվերն ուռճացնելուն՝ արհեստականորեն բարձրացնելուն։ Զավեշտալին այն է, որ այս անգամ երկրի վարչապետն է մեղադրում իր իսկ ենթակայության տակ գտնվող կառույցին թվերը կեղծելու մեջ, այն էլ ոչ թե դեպի վեր, այլ դեպի վար։
Բոլոր դեպքերում Հայաստանում ԱՎԾ-ից բացի որևէ այլ կառույց լիազորված չէ և չի էլ կարող հավաստի թվեր ներկայացնել (նման հաշվարկների համար մի ամբողջ հետազոտական ինստիտուտ է պետք) և Կարեն Կարապետյանի հնչեցրած թվերը համապատասխանում են ՀՀ ԱՎԾ-ի տվյալներին։
Այսպես, համաձայն ծառայության տվյալների՝ ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառությունը 2017թ․հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 991.7 դոլար, 2016 թվականին ապրանքաշրջանառությունը կազմել է 803․2 մլն դոլար՝ աճը 23․5 տոկոս։
Մեդվեդևի և ռուսական վիճակագրական ծառայության թվերը
Հատկանշական է, որ Մեդվեդևի հնչեցրած թվերը տարբերվում են անգամ ՌԴ վիճակագրական ծառայության հրապարակած թվերից։ Այսպես, ՌԴ վիճակագրական մարմնի տվյալներով՝ 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 973 մլն ԱՄՆ դոլար՝ 2016թ նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 28.4%-ով (2016թ.` 758 մլն ԱՄՆ դոլար)։ Սակայն, Ռուսաստանի վարչապետի տվյալներով՝ այդ աճը կազմել է 30% և նա այնքան վստահ է իր ունեցած տվյալների վրա, որ հորդորում է Կարապետյանին օգտագործել իր հենչեցրած թիվը։
ԵԱՏՄ վիճակագրության թվերը
Հայաստան Ռուսաստան ապրանքաշրջանառության վիճակագրություն է իրականացնում նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների՝ ՀՀ-ի ապրանքաշրջանառությունը ՌԴ-ի հետ 2017թ․ հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 983.8 մլն դոլար, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում ՝ 729 մլն դոլար։ Աճը կազմել է 35%։ Այսպիսով, ԵԱՏՄ ցուցանիշները գերազանցել են անգամ Անատոլիչի հնչեցրած թիվը։
Ստացվում է, որ հստակ կարող ենք միայն ասել, որ Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության աճ 2017թ․-ի առաջին ութ ամսիներին միանշանակ եղել է, իսկ թե քանի տոկոս է այն կազմել մնում է հարցական․ ըստ տարբեր վիճակագրությունների այն կազմում է 23․5%-35%: