«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան Factcheck.ge-ն ուսումնասիրել է Ֆեյսբուքի վրացական տիրություն տարածվող տեղեկությունները, թե ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ընդունել է, որ միլիարդավոր մարդկանց վրա փորձեր են կատարվել: Մասնավորապես, Spirit World Facebook-ի էջը հրապարակել է 38 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասում է. «Գիտնականները ռեկորդային ժամկետում ստեղծել են անվտանգ, արդյունավետ պատվաստանյութեր, ինչը անհավանական ձեռքբերում է: Եվ այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ մենք արդեն կլինիկորեն փորձարկել ենք պատվաստանյութը միլիարդավոր մարդկանց վրա…»:
Տեսանյութն ուղեկցվում է գրառման տեսքով ծավալուն տեքստով, որտեղ նշվում է, որ սա Օբամայի անկեղծ խոստովանությունն է: Սակայն իրականում տեսանյութում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խոսում է այն վտանգների մասին, որոնք ապատեղեկատվությունը ներկայացնում է ժողովրդավարության համար։ Որպես այս վտանգի վառ օրինակ՝ նախագահը բերում է համաճարակի և պատվաստանյութերի մասին տարածված ապատեղեկատվությունը։ Ըստ վրաստանցի փաստեր ստուգողների՝ այս գրառումը ապատեղեկատվական նարատիվի շարունակությունն է, ըստ որի՝ իրականում կորոնավիրուսի համաճարակը ծրագրված է եղել և որոշ խմբեր ցանկացել են մարդու առողջության համար վտանգավոր փորձարկում կատարել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումով։
Ղազախստանյան Factcheck.kz-ը ստուգել է երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը, թե ղազախստանցիներն ազատ են արտերկիր մեկնել արձակուրդի կամ գործուղման նպատակով, բայց չեն մեկնում արտերկիր՝ աշխատանք փնտրելու։ Սակայն Ղազախստանի ազգային վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ 2021 թվականին 1277 մարդ լքել է Ղազախստանը՝ արտագնա աշխատանքի պատճառով։
«Բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ Նազարբաևը նկատի ունի միայն ապօրինի աշխատանքային միգրացիան, ապա ղազախստանցիների շրջանում նույնպես անհնար է խոսել դրա բացակայության մասին։ Խնդիրը ստույգ վիճակագրական տվյալների բացակայությունն է, սակայն հիմնվելով Ղազախստանից աշխատուժ ստացող երկրների վիճակագրության և միջազգային կազմակերպությունների հետազոտությունների վրա՝ կարելի է եզրակացնել, որ ղազախստանցիները ներգրավված են նաև անօրինական և կիսաօրինական աշխատանքի մեջ»,- գրել են ղազախստանցի փաստեր ստուգողները՝ եզրակացնելով, որ Նազարբաևը ստում է:
Ուկրաինական VoxCheck-ը ստուգել է սոցցանցերում տարածվող տեղեկությունները, թե Մարիուպոլում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բազայում իբր հայտնաբերվել են երեխաների բժշկական փաստաթղթեր, որտեղ կան տվյալներ նրանց առողջ օրգանների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, փաստաթղթերը չունեն երեխաների հիվանդությունների վերաբերյալ տվյալներ և պարունակում են ծնողների անձնական տվյալները։ Փաստաթղթերի թվում իբր եղել են զենքի օգտագործման հրահանգներ, ձվի ինկուբատորների գնման մասին հաշվետվություններ, որոնք օգտագործվում են լաբորատորիաներում միկրոօրգանիզմների հետ աշխատելու համար։ Ըստ ուկրաինացի փաստեր ստուգողների՝ սա կեղծիք է. ԿԽՄԿ-ն հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ կազմակերպությունը չի հավաքում երեխաների բժշկական փաստաթղթերը, իսկ զենքի ձեռնարկները վերաբերում են ականների, զենքի և այլ վտանգավոր առարկաների հետ աշխատելու անվտանգության կանոններին: Ինկուբատորները նախատեսված են թռչնաբուծության համար:
Միջազգային
Բրիտանական Reuters-ը ուսումնասիրել է համացանցում տարածված պնդումները, թե Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը՝ Էթնան, արտադրում է 10 հազար անգամ ավելի շատ ածխածնի երկօքսիդ (CO2), քան մարդկությունը իր գոյության ողջ ընթացքում:
Hate to ruin their day but 🤷♂️ pic.twitter.com/4Mp6T8MFag
— Percy (@rossf500) June 2, 2022
Սակայն իրականում հրաբուխները արտադրում են մարդու գործունեության արդյունքում արտանետվող CO2-ի ընդամենը կեսը:
Ամերիկյան Snopes-ը ստուգել է Reddit հարթակում տարածված պնդումը, թե աշխարհի բնակչության թիվը հասել է 8 միլիարդի: Սակայն իրականում, թեև աշխարհի բնակչությունը արագորեն ձգտում է 8 միլիարդի, 2022 թվականի հունիսի դրությամբ ընդամենը 7․9 միլիարդից մի փոքր ավելի մարդ կա աշխարհում:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը