Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի մեկին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ աշխարհի այլ երկրների հետ համեմատած՝ Հայաստանում արձանագրված 8․5 տոկոս գնաճը «ֆանտաստիկ լավ արդյունք է»։
«Անզեն աչքով պետք է նկատել ոչ միայն Հայաստանի գնաճը, այլ նաև ամբողջ աշխարհի գնաճը: Վերջերս հրապարակեցին, որ ԱՄՆ-ում գնաճը եղել է 8 տոկոսից ավելի, որն աննախադեպ է․ մոտ 50-60 տարի այդպիսի գնաճ չի եղել: Նույնն էլ Եվրոպայում: Այսինքն մենք այստեղ գործ ունենք ոչ թե զուտ հայկական ֆենոմենի հետ, այլ գլոբալ ֆենոմենի, և այդ ներկապնակում ունենալ 8․5 տոկոս գնաճ, երբ ԱՄՆ-ում է այդքան, դա ֆանտաստիկ լավ արդյունք է»,- մասնավորապես, նշել էր նա։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե գնաճի ինչպիսի ցուցանիշ է արձանագրվել ապրիլ ամսին աշխարհի մի շարք` Հայաստանի հետ համեմատելի երկրներում։
Այսպես, Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանում, վիճակագրական վերջին տվյալներով, ապրիլ ամսին արձանագրվել է սպառողական գների 8․4% աճ։ ԵԱՏՄ մյուս երկրներում ապրիլին արձանագրվել են գնաճի հետևյալ ցուցանիշները․ Ռուսաստանի Դաշնությունում գնաճը կազմել է 17․8%, Ղազախստանում՝ 13․2%, Բելառուսում՝ 16․8%, Ղըրղզստանում՝ 14․6%։
Հարևան երկրներից Վրաստանում գնաճը ապրիլին կազմել է 12․7%, Ադրբեջանում՝ 12․4%։ Թուրքիայում գնաճը ռեկորդային ցուցանիշ է գրացել՝ ապրիլ ամսին հասնելով 70%-ի։
Եվրոպայում ևս ապրիլ ամսին սպառողական գները շարունակել են աճել․ ԵՄ-ում գնաճի ապրիլյան ցուցանիշը կազմել է 7․4%։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրիլ ամսին գնաճը կազմել է 8․3%: Չինաստանում գնաճը ապրիլին կազմել է 2․1%:
Այսպիսով, նախարար Քերոբյանի հայտարարության համատեքստում գնահատականը, թե 8․5 տոկոս գնաճը «ֆանտաստիկ լավ արդյունք է», կարելի է մեծամասամբ համարժեք համարել։ Ինչպես հարևան երկների, այնպես էլ ԵԱՏՄ երկների հետ համեմատած Հայաստանում գնաճը նկատելիորեն ցածր է, իսկ ԵՄ և աշխարհի առաջատար մի շարք տնտեսություների համեմատ հայաստանյան գնաճը, փոքր բացառություններով, գտնվում է նույն մակարդակի վրա։
Նելլի Լազարյան
Մհեր Թարոյան