ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը այսօր՝ ապրիլի 26-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հերքել է լրագրող Կառլեն Ասլանյանի պնդումը, թե ինքը երբևէ խոսել է նախկին ԼՂԻՄ մաս կազմող Շուշին ու Հադրութը վերադարձնելու մասին։
«Դուք իմ շուրթերից լսե՞լ եք երբևէ, որ ես ասել եմ՝ Շուշին ու Հադրութը հետ կբերենք»,- լրագրողին հակադարձել է Վանեցյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմությունն անընդհատ է նման հայտարարություններ անում, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն առաջարկել է տարանջատել ընդդիմությունը։
«Ես ասում եմ հետևյալը՝ մենք այսօր խնդիր ունենք եղածը պահպանելու, ավելի մեծ զիջումների չգնանք»,- ասել է Վանեցյանը։
Մինչդեռ, «Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ դեռևս 2021-ի նախընտրական շրջանում ընդդիմադիր գործիչը հայտարարել է Շուշին ու Հադրութը վերադարձնելու հնարավորության մասին՝ խաղաղ, դիվանագիտական ճանապարհով։ Մասնավորապես, Վանեցյանը նման տեսակետ է հայտնել 2021-ի մայիսի 9-ին:
«Ես համոզված եմ՝ թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություններ կան։ Համոզված եմ, որ քաղաքական ճանապարհով, բանակցային ճանապարհով այդ հարցի լուծումը հնարավոր է»,- ասել է Վանեցյանը։
Նանե Մանասյան