Ամիսներ առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ներկայացնում էր «Պատիվ ունեմ» և «Ես եմ» երկու պայմանական ծրագրերը՝ որպես «ազգ-բանակի» կոնցեպտի բաղադրիչներ:
Քննարկման ընթացքում պաշտպանության նախարարը ասում է. «Մեզ մոտ, որտեղ ամեն քառասուներորդը զինվորական է, առանձնապես այլընտրանք էլ չկա: Այսինքն մենք ուզենք-չուզենք ազգ-բանակ ենք»։
Այնինչ, Սարգսյանի բերած վիճակագրական տվյալները խնդրահարույց են:
Հայաստան
Այսպիսով, 2017 թվականի տարեսկզբին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակեց զինված ուժերի քանակի ու սպառազինության մասին զեկույց, որի հիմքում Եվրոպայում սովորական զինված ուժերի անդամ պետությունների հաշվետվություններն էին: Զեկույցում հստակ նշված է Հայաստանի զինված ուժերի ծառայողների ընդհանուր թիվը՝ 44.800, որից 41.850-ը ցամաքային ուժերն են (մնացածը՝ օդուժ և հակաօդային պաշտպանություն):
Միաժամանակ, համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութան՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 986.5 հազար մարդ: Պարզ թվաբանությամբ ստացվում է, որ Հայաստանում զինվորական է ամեն 66-րդը մարդը:
Հայաստան և Արցախ
Ու թեև Վիգեն Սարգսյանը միայն Հայաստանի պաշտպանության նախարարն է, սակայն փորձենք հաշվարկի մեջ ներառել նաև Արցախի բնակչությանն ու զինված ուժերին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին զեկույցում թվերը միարժեք չեն, քանի որ ԼՂՀ-ն ԵՍԶՈՒ պայմանագրի անդամ չէ և հաշվետու չէ: Այդուհանդերձ, Արցախի զինված ուժերի թվաքանակը համաձայն զեկույցի՝ 18-20 հազարի միջակայքում է: Չի բացառվում, սակայն, որ Արցախին վերագրվող զինված ուժերի անձնակազմի և տեխնիկայի մի մասը ներառված է նաև ՀՀ ԶՈՒ հայտարարագրված թվաքանակում:
Համաձայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» վերոնշյալ զեկույցի՝ Հայաստանի և Արցախի զինված ուժերի բոլոր տեսակի ծառայողների ընդհանուր թիվը չի գերազանցում 55 հազարը, որից մոտ 18-20 հազարը Արցախում են (այս հաշվարկի հիմքում ընտրություններին մասնակցող զինվորականների թիվն է):
Համաձայն 2015 թվականին Արցախում անցկացրած մարդահամարի՝ ԼՂՀ բնակչության թիվը կազմում է 145,053 մարդ (ավելի թարմ պաշտոնական տվյալներ Արցախի բնակչության մասին չկան):
Եթե կրկին դիմենք տարրական թվաբանության օգնությանը, ապա կստացվի, որ հայկական երկու հանրապետություններում միջինում յուրաքանչյուր 57-րդ քաղաքացին զինվորական է:
Բնակչությունը
Փորձելով մոտենալ Պաշտպանության նախարարի հրապարակած թվին՝ ենթադրեցինք որ ամեն 40-րդ զինվորական ունենալու համար հարկավոր է նաև ներառել Ազգային Անվտանգության և Ոստիկանության ծառայողներին, սակայն այդ դեպքում գործ կունենանք ոչ թե ազգ-բանակ, այլ մասամբ արդեն ազգ-ոստիկան կոնցեպտի հետ:
Մնում է հետևաբար միայն հասկանալ՝ ստո՞ւմ է Պաշտպանության նախարարը (և իրականում 40-ից մեկը չէ, որ զինվորական է), թե՞ Հայաստանի Հանրապետության բնակչությունը կազմում է ոչ թե 3, այլ 2 մլն մարդ (ինչի մասին պնդում են բազում ընդդիմադիրներ):