Այսօր որոշ հայկական լրատվամիջոցներ, լուսաբանելով «Բժշկա-կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության համատեքստում» թեմայով համաժողովը, հանդես եկան հրապարակումներով՝ ՀՀ-ում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող լաբորատորիաների «կասկածելի» նպատակների մասին։ Նույն նյութը նաև տարածվել է «Արարատ» հեռուստաընկերության կողմից։
Մասնավորապես, նշված աղբյուրներում ասվում է, որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին Երևանում, Գյումրիում և Իջևանում բացված ռեֆերենս լաբորատորիաները կարող են կենսաբանական զենք ստեղծել և օգտագործել ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի բնակչության դեմ։
«Այդ լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն, այսինքն՝ կարող են օգտագործվել նաև կենսաբանական պատերազմներ վարելու համար… Հետևաբար, այդ կենտրոնները հանդիսանում են սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը, եթե դրանք «X» ժամին կամ որոշակի պահից հետո ԱՄՆ—ի կողմից օգտագործվեն ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի բնակչության դեմ…»,- մասնավորապես, ասվում է այդ հրապարակումների մեջ։
Հայաստանի Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայաթյանը նման պնդումների մասին լսելիս զարմանք հայտնեց և ժամանակ խնդրեց տեղեկատվությունը ստուգելու համար։ Քիչ անց նախարարությունից միանշանակ հայտնեցին, որ վերը բերված պնդումները որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը։
Կապվեցինք նաև ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) հետ։ Այստեղից ևս միանշանակ հայտնեցին, որ այդ պնդումներն անհեթեթություն են։
Ավելին, այդ ՊՈԱԿ-ում և դրա բոլոր (այդ թվում՝ խնդրահարույց) լաբորատորիաներում աշխատում են բացառապես հայաստանցիներ: Ամերիկացիներ, կամ, առավել ևս, ամերիկացի զինվորականներ այդ կենտրոններում չկան և չեն եղել:
Անդրադառնալով խնդրին, նկատենք, որ կարծես թե՝ Միացյալ Նահանգները երբեք Հայաստանին որպես թշնամի պետություն չեն դիտարկել, իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր է։
Հավելենք, որ վերջին 7 տարվա ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի և Համաշխարհային բանկի կողմից անհատույց Հայաստանի առողջապահության ոլորտի ստացված գույքը, գումարային առումով, կազմել է 51 մլն ԱՄՆ դոլար:
Հ․Գ. Նկատենք, որ խնդրո առարկա համաժողովը տեղի է ունեցել նույն շենքում, ուր տեղակայված է ռուսական Sputnik գործակալության հայաստանյան խմբագրությունը, իսկ խնդրո առարկա հրապարակումները, հիմնականում, տարածվել են ռուսամետ դիրքորոշում ունեցող լրատվամիջոցների կողմից։