Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ռուսաստանյան կամ պրոռուսական մեդիան պարբերաբար տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է իր երկիրը։ Այս տեղեկությունները «պարարտ հող ստացան» հատկապես այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատերազմի առաջին օրը հայտարարեց, թե պատրաստ է անհրաժեշտության դեպքում ապաստան տալ Ուկրաինայի նախագահին։
Ուկրաինան լքելու մասին լուրերին ի պատասխան՝ Զելենսկին պարբերաբար իր սոցիալական էջերով ուղիղ եթեր է մտնում, տեղադրում է տեսաուղերձներ՝ հավաստիացնելով, որ երկրում է, հատուկ միացումներ անում այնպիսի տեղերից, որ հնարավոր լինի տեղորոշել իր գտնվելու վայրը: Փորձենք հասկանալ՝ որքանով են հավաստի Զելենսկու՝ Ուկրաինան լքելու մասին լուրերը և հակառակը, որքանով են արժանահավատ Ուկրաինայի ղեկավարի հավաստիացումները։
Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով մարտի 4-ին Ռուսաստանի Դաշնության պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի տելեգրամյան գրառմանը, հայտարարեցին, թե Զելենսկին, որը մինչ այդ Կիևից տեղափոխվել էր Լվով, հեռացել է Ուկրաինայից։
«Զելենսկին լքել է Ուկրաինան։ Գերագույն ռադայի պատգամավորներն ասել են, որ Լվովում չեն կարողացել նրա մոտ գնալ։ Այժմ նա Լեհաստանում է»,- գրել էր Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։
Պատասխանելով Վոլոդինի հայտարարությանը՝ մարտի 7-ին Զելենսկին իր սոցիալական էջերում հրապարակեց տեսանյութ՝ այն մակագրելով՝ «Ես մնում եմ Կիևում», և հավելելով, որ գտնվում է իր աշխատասենյակում:
Սակայն տեսաուղերձն իր հերթին կասկած առաջացրեց ռուսալեզու լրատվամիջոցներում: Դրանցից մեկի հեղինակները պնդում են, որ տեսանյութը կեղծված է և Զելենսկին իր աշխատասենյակում չէ:
Զելենսկին տեսաուղերձի սկզբում խոսում է պատուհանի մոտ կանգնած՝ հեռախոսով արված կադրով, ապա շարժվելով մոտենում է աշխատանքային սեղանին, նստում է ու շարունակում խոսքը։ Նստած պահից տեսագրության անկյունը փոխվում է․ Զելենսկուն տեսնում ենք արդեն դիմացից պրոֆեսիոնալ խցիկով արված կադրով՝ հեռախոսը ձեռքին։ Ընդ որում, մինչև նրա նստելը հետին պլանում երևում էր պատից կախված նկար: Նստելուց հետո նկարը չի երևում: Այս հանգամանքը հիմք է տալիս պնդելու, թե Ուկրաինայի ղեկավարը ուղերձն արել է ոչ իր աշխատասենյակից կամ որ երկու մասերը նկարահանվել են տարբեր ժամանակահատվածներում։ Ի դեպ, այս կասկածը հայալեզու տիրույթում տարածել է նաև մեդիայում քաղաքագետ ներկայացող Գագիկ Համբարյանը։
Իրականում, հեռախոսով կանգնած դիրքում արված կադրի ֆոնին երևացող նկարը գտնվում է ավելի բարձր, քան նստած դիրքում արված կադրի վերին անկյունն է, այսինքն երկրորդ կադրում նկարը կարող էր չերևալ։ Դրանում կարելի է համոզվել՝ համեմատելով նաև երկու կադրերում երևացող՝ Ուկրաինայի զինանշանի նախշերի բարձրությունները։ Այսպիսով, փաստենք, որ մարտի 7-ին Զելենսկու տեսանյութերի արժանահավատությունը կասկածի տակ դնող պնդումները փաստարկված չեն։
Ավելի վաղ՝ փետրվարի 25-ին, Զելենսկին մի շարք պաշտոնյաների հետ կրկին Կիևից տեսանյութ էր հրապարակել՝ ասելով, որ ինքը երկրում է, չի փախել և իր հետ են նաև ռադայի կառավարող ուժի ղեկավարն ու նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։
Փետրվարի 26-ին ավելի քան 700 հազար հետևորդ ունեցող Война с фейками տելեգրամյան ալիքը գրել էր, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրականում լքել է Կիևը և գտնվում է մեկ այլ քաղաքում, հնարավոր է՝ այլ երկրում։ Ընդ որում, այս պնդման որևէ ապացույց չէր բերվել, այլ հղում էր արվել կրկին ՌԴ պետդումայի ղեկավար Վոլոդինի հայտարարությանը։
Ամփոփելով՝ փաստենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած պատերազմից ի վեր մի քանի անգամ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները կամ լրատվամիջոցները հայտարարել են, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է մայրաքաղաքը կամ երկիրը։ Այդ պնդումները որևէ արժանահավատ ապացույցով չեն հաստատվել, իսկ Վլադիմիր Զելենսկու՝ երկրում գտնվելը փաստող տեսանյութերի իրական չլինելը ապացուցող արժանահավատ փաստարկներ չեն բերվել։
Սվետլանա Դավթյան
* Հեղինակը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող է, որը ուսումնական պրակտիկա է անցնում «Փաստերի ստուգման հարթակում»