Օրեր առաջ լրատվական կայքերում և համացանցում տեղեկություն տարածվեց, որ Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան անբավարար ֆինանսական միջոցների պատճառով կանգնած է փակման վտանգի առաջ, իսկ տնօրինությունը ֆաբրիկայի հավերի մի մասը՝ 8000 հատ, նվիրել է գյուղացիներին։ Ընկերության փակման հետևանքով կարող է գործազուրկ մնալ շուրջ 80 աշխատակից։ Ըստ ընկերության տնօրենի՝ պատճառը խոշոր ընկերությունների կողմից ձվի գնիջեցումն է, ինչի հետևանքով փոքր ընկերությունները չեն կարողանում դիմակայել մրցակցությանը։
Այս հարցը քննարկվեց նաև Ազգային ժողովում։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը ելույթի ժամանակ ասաց․ «Ես ահազանգեր եմ ստացել այն մասին, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան արտաքուստ շատ լավ բան է արել և ձվի գինն իջեցրել է․ ձուն վաճառվում է 30-35 դրամով: Արդյունքում տուժում են ավելի փոքր ընկերությունները»։ Վերջինս նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք սա արդար և ազատ մրցակցության դրսևորում է, երբ խոշոր ընկերության դեմպինգի հետևանքով փոքրերը փակման եզրին են կանգնում:
Թովմասյանին պատասխանեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը․ «Մենք վաղուց այդ հարցերի հրապարակումները տվել ենք, Շիրակի թռչնաֆաբրիկան չունի [շուկայի] նույնիսկ 10 տոկոսը, մոտիկ էլ չի շեմը և չի կարա ինքը դեմպինգ իրականացնի, նաև ասել ենք, թե ինչի է ձվի շուկայում այդպես: 2 տարի առաջ ասել եմ, հիմա էլ եմ ասում, եթե շուկան ինքը չկայացավ, էս խնդիրը լինելու ա, ընդամենը շղթա ա գործում, մի սուպերմարկետում գինը իջնում է, առաքիչների միջոցով մյուս տնտեսվարողները ևս գինը իջեցնում են, և սենց ա լինում: Չի կարա շուկայում 4 կամ 5 տոկոս ունեցող տնտեսվարող սուբյեկտը իրականացնի դեմպինգ»:
Սա առաջին դեպքը չէ, երբ Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան փակման կամ սնանկացման վտանգի առաջ է կանգնած։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է «Լուսակերտ» ՍՊԸ-ն ու դրան փոխկապակցված ընկերությունները և պարզել, որ նախկինում ընկերությունը նմանատիպ իրավիճակներում հայտնվել է, սակայն շարունակել է գործունեությունը։
Այսպես՝ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականի ապրիլի 20-ին։ Այժմ այս ընկերությունն ունի 18 բաժնետեր, որոնցից երկու ամենախոշորներին՝ Ալիսա Համբարձումյանին և Սոնա Մանուկյանին, բաժին է ընկնում բաժնեմասերի 98.53%-ը։ Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այս ընկերությունը 2011 թվականից սկսած պարբերաբար հայտնվել է ֆինանսական խնդիրների առջև։ Որոշ դեպքերում դատարանը վճռել է բավարարել հայցվորների պահանջն ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերության, որոշ դեպքերում էլ մերժել է։
«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունը և դրա համասեփականատերերը, բացի այս ընկերությունից, ունեն նաև մի քանի այլ ընկերություններ, որոնք անվանմամբ և գործունեության տեսակով նման են այս ընկերությանը։
Օրինակ՝ 2007 թվականի հունվարի 22-ին ստեղծվել է «Լուսակերտի բիոգազ փլանթ» ընկերությունը, որում 50 և ավելի տոկոս մասնակցություն ունի «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան»։ Վերջինս, ըստ Պետեկամուտների կոմիտեի, զբաղվում է այլ աղբյուրներից Էլեկտրաէներգիայի արտադրությամբ։
2012-ի դեկտեմբերի 27-ին ստեղծվել է «Լուսակերտ» ընկերությունը, որն էլ, ըստ բաժնետիրոջ, այսօր փակվում է։ Վերջինս դասակարգված է որպես ընտանի թռչունների բուծմամբ զբաղվող ընկերություն։ Այս և մյուս ընկերությունների հիմնական բաժնետերերը նույն անձինք են։
Հետաքրքրական է, որ 2012 թ․ նույն և դրան նախորդող օրը՝ դեկտեմբերի 26-ին, բացվել են «Լուսակերտ 1», «Լուսակերտ 2», «Լուսակերտ 5», «Լուսակերտ 6» և «Լուսակերտ 7» ընկերությունները, որոնց բոլորի 100% բաժնեմասերը պատկանում են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությանը։
Սնանկության գործով դատական վճիռներ
Ինչպես արդեն նշեցինք, Դատալեքսում ամփոփված են այս ընկերությունների վերաբերյալ մի շարք դատական գործեր, որոնց մի մասը մերժվել է, մի մասը՝ կարճվել, մնացածը՝ բավարարվել։
2014 թ․ ապրիլի 25-ին «Գրիգ Էլ Մետ» ընկերությունը հայց է ներկայացրել դատարան՝ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» սնանկ ճանաչելու վերաբերյալ։ Ըստ դատական գործի՝ ԼՏԹՖ-ն «Գրիգ Էլ Մետի» նկատմամբ ունի ֏5 մլն 466 հազարի դրամական պարտավորություն։ Դատարանը մերժել է հայցը և ֆաբրիկան սնանկ չի ճանաչել։ Այս ընկերության դեմ նույն պահանջով ևս մեկ հայց եղել է 2015 թվականի ապրիլի 14-ին։ «Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով դիմել է դատարան, ըստ որի՝ ֆաբրիկայի պարտքն իրենց հանդեպ կազմել է ֏820 մլն։ Դատարանը մերժել է հայցը, քանի որ ֆաբրիկան չի ընդունել իր անվճարունակությունը, բացի այդ, վերջինս վիճարկել է «Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունը՝ գտնելով, որ վարկային պայմանագրերը պետք է անվավեր ճանաչվեն։
Նույն պահանջով ֆաբրիկայի դեմ 2017 թվականի հուլիսի 6-ին հայց է ներկայացրել «Ռեդութ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը, որն այս անգամ բավարարվել է։ Այսինքն՝ դատարանի վճռով «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» ճանաչվել է սնանկ։ Բացի սրանից, 2020 թվականին ևս մեկ անձ է սնանկության գործով դիմել դատարան․ այս դեպքում գործը կարճվել է արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած նախորդ սնանկության վճռի առկայության հիմքով։
Վերջերս էլ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունը ներգրավված էր սնանկության գործով դատական պրոցեսում՝ որպես պատասխանող կողմ։ «Էմ Ջի Քոմփանի» ընկերությունը դիմել է սնանկության դատարան՝ ֆաբրիկան սնանկ ճանաչելու պահանջով։ Ըստ հայցի բովանդակության՝ ԼՏԹՖ պարտքը «Էմ Ջի Քոմփանիին» կազմում է ֏44 մլն 270 հազար: Դատարանը ֆաբրիկան սնանկ ճանաչելու հայցն օրեր առաջ մերժել է։
Հետաքրքրական է, որ 820 միլիոնի պահանջով սնանկության հայց ներկայացվել է նաև «Լուսակերտ», «Լուսակերտ 1», «Լուսակերտ 2», «Լուսակերտ 5», «Լուսակերտ 6» և «Լուսակերտ 7» ընկերություններին, սակայն բոլոր դեպքերում էլ հայցերը մերժվել են։ Սնանկության մեկ այլ հայց էլ ներկայացվել է «Լուսակերտ բիոգազ փլանթ» ընկերության դեմ։ Ըստ հայցվորի՝ ընկերությունն իրեն պարտք է եղել ֏917 մլն 970 հազար, սակայն չի վերադարձրել։ Այնուամենայնիվ՝ դատարանը վճռել է մերժել հայցը և սնանկ չի ճանաչել ընկերությունը։
Այս պահին սնանկության դատարանում քննվում է «Գասագրո» ընկերության հայցն ընդդեմ «Լուսակերտ» ընկերության։
Այսպիսով՝ այս ընկերությունների դեմ այս տարիների ընթացքում եղել են բազմաթիվ հայցեր, իսկ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» արդեն մեկ անգամ դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել։
Քաղաքացիական գործով դատական վճիռներ
«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» դեմ 2011-2014 թվականներին եղել է 11 քաղաքացիական դատական գործ, որոնցից 4-ը գումարի բռնագանձման, 1-ը՝ գույքն ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջով։ Մնացած 5 գործերի դեպքում հայցվորը հենց ընկերությունում փոքր մասնաբաժին ունեցողներից մեկն է։
«Օլ Թեքնոլոջի /Այլանդ/ Լիմիթեդ» ընկերությունը 2011 թվականի մարտի 10-ին գումարի բռնագանձման պահանջի հայցով դիմել է դատարան։ Վերջնարդյունքում՝ դատարանի վճռով ֆաբրիկայից հօգուտ հայցվոր ընկերության բռնագանձվել է ֏2 մլն 935 հազար։
2012-ի ապրիլի 17-ին «Բիբլոս բանկ Արմենիա» ընկերությունը գումարի բռնագանձման պահանջով հայց է ներկայացրել դատարան, սակայն ընկերությունը դատական վարույթի որոշակի փուլում հրաժարվել է հայցից և խնդրել կարճել գործը։
2013-ի հունիսի 21-ին «Հայկական ծրագրեր» ընկերությունը ֏4 մլն 540 հազար գումարի բռնագանձման պահանջով դիմել է դատարան, սակայն այս գործը նույնպես կարճվել է՝ երկու կողմերի միջև վճարման համաձայնագիր կնքելու հիմքով։ Նույն հիմքով կարճվել է գումար բռնագանձելու պահանջով ևս մեկ դատական գործ։ Ինչ վերաբերում է գույքն ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջով դատական գործին, ապա դատարանը վճռել է մերժել հայցը, քանի որ նշված գույքն արդեն արգելանքի տակ է եղել։
«Լուսակերտ» ընկերության դեմ գումարի բռնագանձման պահանջով 2 հայց է եղել, որոնցից մեկը դատաքննության փուլում է, իսկ մյուսով դատարանը վճռել է հօգուտ Պաշտպանության նախարարության բռնագանձել ֏386 հազար։
«Լուսակերտ բիոգազ փլանթ» ընկերության դեմ եղել է գումարի բռնագանձման պահանջով 3 հայց, որոնցից մեկը այժմ դատաքննության փուլում է, մյուս երկուսը [1,2] դատարանը բավարարել է և հօգուտ հայցվորների բռնագանձել ֏3 մլն 184 հազար և ֏197 հազար։
Վարչական և վճարման կարգադրություններ
«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» դեմ 2009-2013 թվականներին եղել է 4 վարչական հայց [1,2,3,4], որոնցից բոլորն էլ բավարարվել են։ Այս 4 հայցերով ֆաբրիկայից հօգուտ հայցվորների բռնագանձվել է ընդհանուր առմամբ ֏372 մլն 721 հազար։
Վերջինիս դեմ եղել է վճարման 4 կարգադրություն, որոնցից 3-ը [1,2,3] բավարարվել են, 1-ը՝ մերժվել։ Բավարարված կարգադրությունների ընդհանուր գումարային արժեքը կազմել է ֏5 մլն 53 հազար։
«Լուսակերտ» ընկերության դեմ եղել է վճարման 4 կարգադրություն, որոնցից մասամբ բավարարվել է 1-ը, մերժվել՝ 3-ը [1,2,3]։ Մեկ վճարման կարգադրություն էլ եղել է «Լուսակերտ բիոգազ փլանթ» ընկերության դեմ, որը բավարարվել է։
Այսպիսով՝ Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան իր գործունեության տարիների ընթացքում բազմիցս ներգրավվել է դատական գործընթացներում՝ որպես պատասխանող կողմ, մեկ անգամ ճանաչվել է սնանկ և շատ անգամներ հայցվորների հայցերը բավարարվել են, և հօգուտ հայցվորների ընկերությունից բռնագանձվել են գումարներ։
Նարեկ Մարտիրոսյան