«ՋեմՆյուզ» լրատվամիջոցը, որը հիմնականում Հարավային Կովկասի մասին նյութեր է տալիս անգլերեն, ռուսերեն և տեղի երեք հիմնական լեզուներով՝ հայերեն, ադրբեջաներեն և վրացերեն, փետրվարի 24-ին նյութ էր հրապարակել ««Սա ավելին է, քան հանցագործություն»․ Բաքուն արձագանքում է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը» վերնագրով։
Լրատվականը նյութը տարածել էր նաև Թվիթերի իր միկրոբլոգում՝ գրելով․ ««Ադրբեջանը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումը»․ Ուկրաինա»։ Այս նախադասությունով սկսվում է նաև հիմնական նյութը։
🇦🇿🇺🇦Azerbaijan condemns #Russian invasion of #Ukraine 👇https://t.co/xJ4gGlplGp
— JAMnews (@JAMnewsCaucasus) February 24, 2022
«Ջեմնյուզի» նյութի վերնագիրը և Թվիթերի մեկնաբանությունը, սակայն, մանիպուլյատիվ են և տպավորություն են ստեղծում, թե Ռուսաստանի հարձակումը դատապարտվել է պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Իրականում, նյութը հիմնված է «ադրբեջանցի փորձագետներից և սովորական օգտատերերից» վերցված «որոշ մեկնաբանությունների» վրա։ Մեկնաբանողների շարքում են Ադրբեջանի նախկին արտգործնախարարը, ընդդիմադիր «Այլընտրանքային Ադրբեջան» կուսակցության ղեկավարներից մեկը և մի շարք այլ անձիք, որոնց կարծիքները որևէ կերպ չեն կարող ներկայացվել ո՛չ որպես Ադրբեջանի բնակչության մեծամասնության, ո՛չ էլ առավել ևս Ադրբեջանի պաշտոնական տեսակետ։
Պատերազմի մեկնարկից ի վեր պաշտոնական Բաքուն չի արձագանքել իրադարձություններին։ Փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» ճանաչման օրը, երկու երկրները ստորագրել են ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր։ Ադրբեջանի մյուս ոչ ուղղակի արձագանքն իրադարձություններին եղել է փետրվարի 25-ին․ ադրբեջանական կողմը չի մասնակցել Ռուսաստանի՝ Եվրոպայի խորհրդին մասնակցությունը սառեցնելու մասին քվեարկությանը։
Ավելին, այս օրերին իր ելույթներից մեկում Ադրբեջանի նախագահը անդրադարձել էր Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կարող է «դիմակայել» ցանկացած պատժամիջոցի։ «Իմ կարծիքով, Ռուսաստանն իր ներուժի, աշխարհագրության և կարողությունների շնորհիվ դիմացկուն է ցանկացած տեսակի պատժամիջոցների նկատմամբ։ Դա իմ անձնական կարծիքն է, և դա ապացուցվում է Ռուսաստանի դեմ ավելի վաղ կիրառված պատժամիջոցներով»,- ասել էր Ալիևը։
Անի Ավետիսյան
Հակոբ Կարապետյան