Օրերս ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ «իրազեկում» է վարորդներին։
Հիմնվելով Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի վրա՝ ոստիկանությունը մասնավորապես հայտնում է․ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է իր մոտ ունենալ տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականն ու տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը և ոստիկանների ծառայողների պահանջով ներկայացնել ստուգման։ «Սա ենթադրում է փաստաթղթերի տրամադրում ոստիկանության ծառայողին, որն էլ իր հերթին տարբեր եղանակներով կարող է ստուգել ներկայացված փաստաթղթերը», — հավելում է ոստիկանությունը։
Ոստիկանությունն իր ենթադրությունը փորձում է ներկայացնել որպես օրենքի մաս և վարորդի պարտականություն, սակայն օրենքում նշված է, որ վարորդը պարտավոր է փաստաթղթերը ներկայացնել տեսուչին, այլ ոչ տրամադրել։ Վարորդը, օրինակ, կարող է վկայականը իր ձեռքով ներկայացնել տեսուչին, որպեսզի վերջինս ընթերցի իրեն անհրաժեշտ տվյալները։
Ոստիկանները, ինչպես նաև պետական բոլոր մարմինները, իրավասու են անել այն, ինչի համար բառացի լիազորված են օրենքով։ Ներկա պահին ՀՀ օրենսդրությամբ վարորդները չունեն պարտականություն փաստաթղթերը առձեռն հանձնելու տեսուչներին, իսկ ոստիկանության կողմից կատարվորղ ենթադրություններն ու մեկնաբանությունները չեն կարող վարորդի համար պարտականություն ստեղծել։
Ավելին, ՀՀ Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշման համաձայն՝ ոստիկանը իրավունք չունի փաստաթղթերը ստուգելու պատրվակով վերցնել դրանք ու շրջվել մեջքով դեպի վարորդը, դեպի հետևի տրանսպորտային միջոցը կամ դրա կողքին գտնվող անձանց կողմ։