Վերջերս կայացած «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովին Սերժ Սարգսյանն անդրադարձել է երկրի ժողովրդագրական խնդիրներին՝ նշելով, որ մեր նպատակը 2040 թվականին 4 միլիոնանոց Հայաստանն է։
«Մենք հայտարարել ենք, որ մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք․․․ Հետևաբար, նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում»։
Եկեք, վերհիշենք Սերժ Սարգսյանի «Հայաստան-Սփյուռք» նախորդ՝ 5-րդ համագումարի ժամանակ տրված խոստումները:
2014 թվականին Հայաստան-Սփյուռք 5-րդ համագումարին Սերժ Սարգսյանը, խոսելով արտագաղթի մասին, ասել է ․ «Հայաստանի կառավարող բոլոր վարչակազմերի ամենալուրջ խնդիրներից մեկը եղել է արտագաղթը։ Արդի իրողությունը այնպիսին է, որ այժմ կարող ենք խոսել հայաստանցիների, նոր սերնդի սփյուռքի գոյության մասին և իրար թե հայրենիքում, թե սփյուռքում մեղադրելու փոխարեն մենք պետք է գործնական միջոցներ գտնենք և ձեռնարկենք այդ խնդրին լուծում տալու համար»։ Այս ելույթից հետո 3 տարում Հայաստանից մեկնել և չի վերադարձել 132,873 մարդ։
Ավելի վաղ՝ 2011 թվականին, կայացած «Հայաստան-Սփյուռք» համագումարին Սերժ Սարգսյանը ևս խոսել է արտագաղթի և դրա կանխարգելման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ սփյուռքը մեր ցավն է։ Ելույթին հաջորդող 3 տարում Հայաստանի բնակչությունը պակասել է 128,404 մարդով։
Այսպիսով, 2011-2016թթ․-ին Հայաստանից արտագաղթել է ավելի քան 261 հազար մարդ, սակայն Սարգսյանը չի փոխում հնացած ձայնասկավառակը և շարունակում է կրկնել իր 6 տարի առաջվա խոստումը՝ կանխել արտագաղթը, խթանել ներգաղթը։