Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 4-ին որոշում կայացրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցնելու մասին՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով։
Որոշման հիմքում ընկած էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունն առ այն, որ Խանդանյանը, լինելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, ձեռք էր բերել ընկերություն, դրա կառավարման վերաբերյալ մի շարք որոշումներով փաստացի իրականացրել ձեռնարկատիրական գործունեություն, որով էլ խախտել էր «Հանրային ծառայության մասին» օրենքով և Դատական օրենսգրքով սահմանված հանրային ծառայողի անհամատեղելիության պահանջները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Փաստերի ստուգման հարթակը» գրել էր Գագիկ Խանդանյանի բիզնես գործունեության, կապերի և նվիրատվությունների մասին։
Դատավոր Գագիկ Խանդանյանի բիզնեսներն ու առեղծվածային նվիրատվությունները
Ըստ այդմ՝ Խանդանյանը 2․3 մլն դոլարով ձեռք էր բերել «Մուշ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, որն էլ հիմք էր հանդիսացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցել Խանդանյանի նկատմամբ։
Սակայն «Փաստերի ստուգման հարթակը» պարզել էր, որ Խանդանյանի՝ դատավոր լինելու տարիներին «Մուշ» ընկերության ձեռքբերման դեպքը միակը չէր։ Վերջինս ձեռնարկատիրական գործունեություն էր ծավալել դեռևս 2016 թվականից, երբ օֆշորային «Վիլ Վեյ» ՍՊԸ-ի հետ համատեղ հիմնադրել էր «Բազալտ գրուպ» ՍՊԸ-ն (50% բաժնեմաս) և Իրանի քաղաքացի Կեյվան Ֆարահբախշ Էյբալի և հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանի հետ ստեղծել էր «ՍԳ ընդ ԱԿ հոլդինգ» ՍՊԸ-ն (25% բաժնեմաս)։
Սևադա Ղազարյան