Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացին բազմաթիվ ենթակառուցվածքներ։
Հաշվի առնելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար քննարկումներ ու հարցեր են բարձրացվում հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում վերջին երեսուն տարվա ընթացքում կատարված ներդրումների մասին, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել դրանք։
Քանի որ Արցախում ենթակառուցվածքների հիմնման և զարգացման աշխատանքները հիմնականում իրականացվել են Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով, «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե որքան ներդրում է իրականացրել և ինչ է կառուցել հիմնադրամը 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրած տարածքներում:
Կորցրած քաղաքներ և գյուղեր
44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական ճանապարհով Ադրբեջանը կարողացավ գրավել Ջրականը, Ֆիզուլին, Զանգելանը, Հադրութը, Շուշին, ինչպես նաև գյուղեր Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ զինադադարի մասին արված եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց նաև Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները, ինչպես նաև Կուբաթլուն (Սանասար) և Աղդամը (Ակնա):
2020 թ. դեկտեմբերին Արցախի տարածքային կառավարման նախարարությունը ներկայացրել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի թիվը: Ըստ դրա՝ հայկական կողմը կորցրել է 118 համայնք: Հադրութի շրջանից Ադրբեջանին է անցել 42 բնակավայր: Երկուսը՝ Հին Թաղերը և Խծաբերդը, Ադրբեջանը չէր կարողացել գրավել ռազմական գործողությունների ընթացքում և օկուպացրեց դրանք արդեն նախարարության՝ ցանկը հրապարակելուց հետո՝ դեկտեմբերի 12-ին: Մարտակերտի շրջանից Ադրբեջանին է անցել 13, իսկ՝ Ասկերանից 8 բնակավայր:
Համահայկական հիմնադրամի ներդրումները Արցախի օկուպացված տարածքներում
Հայաստան համահայկական հիմնադրամը FIP.am-ին է տրամադրել 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում 1996-2020 թվականներին իրականացված ծրագրերի ցանկը և դրանց արժեքը:
Ճանապարհների վերակառուցում
Հայաստանն Արցախի հետ միացնող երկրորդ ճանապարհի՝ Մարտակերտ- Վարդենիս մայրուղու շինարարությունն Արցախում իրականացված ամենամասշտաբային ծրագրերից էր: 114.6 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման համար տրամադրվել էր 17 մլրդ 318 մլն 753 հազար դրամ:
Մայրուղու բացումը տեղի էր ունեցել 2017 թվականին:
2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Քարվաճառը, որով անցնում էր մայրուղու զգալի հատվածը, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի հետևանքով հայկական կողմն այժմ կարող է օգտագործել ճանապարհի Մարտակերտ-Ստեփանակերտ հատվածը միայն:
2002 թվականին ավարտին հասցվեց 10 կմ ձգվող Կարմիր Շուկա-Հադրութ ճանապարհը: Կառուցման համար ներդրվել էր ավելի քանի 1 մլրդ դրամ:
2011 թվականին կառուցվեց Կարմիր Շուկա/Ձագունի-Հադրութ 11.2 կմ-անոց ճանապարհը, վերանորոգվեց Ծակուռի-Հադրութ հատվածը՝ ընդհանուր 3 մլրդ 172 մլն դրամ ներդրման արդյունքում:
2019-2020 թվականների ընթացքում Հայաստան համահայկական հիմնադրամը հատկացրեց 719․6 մլն դրամ՝ Մարտակերտ-Մատաղիս մայրուղու կառուցման համար:
Բացի վերոնշյալները, ճանապարհներ կառուցվեցին և վերակառուցվեցին Շուշիում, Հադրութում, Ուխտաձորում, Թալիշում և այլ բնակավայրերում: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում միայն Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով ճանապարհների կառուցման համար ծախսվել է ավելի քան 23 մլրդ 385 մլն դրամ:
Առողջապահության ոլորտ
Արցախյան առաջին պատերազմից հետո Հայաստան համահայկական հիմնադրամը մեծ ռեսուրսներ էր տրամադրել Արցախի տարբեր քաղաքներում և բնակավայրերում առողջապահական ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման համար:
Ընդհանուր առմամբ, այդ ծրագրերի համար հիմնադրամը հատկացրել է 564 մլն դրամ:
Այսպես, 2007-2009 թվականին Հադրութի շրջանային հիվանդանոցի վերակառուցման համար տրամադրվել է 280 միլիոն 509 հազար դրամ:
2008 թվականին Շուշիի հիվանդանոցի ջեռուցման համակարգի և կաթսայատան վերանորոգման ու տեղադրման համար տրամադրվել է 564 մլն դրամ:
Ջրամատակարարում
Արցախի այն տարածքներում, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստան համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում մոտ 4 մլրդ 336 մլն դրամ գումար է հատկացրել ջրամատակարարման խնդիրները լուծելու համար։ Իրականացվել է 27 ծրագիր:
Դրանցից խոշորներն են 2013-2014 թվականներին իրականացված Բերձորի ջրամատակարարման համակարգի վերանորոգման ծրագիրը, որի բյուջեն կազմել է 542 մլն դրամ: 2008 թվականին Արջի աղբյուրից դեպի Հադրութ քաղաք ջրամատակարարում իրականացնելու համար ներդրվել է ավելի քան 450 մլն դրամ։ Մեկ այլ ծրագրով Հադրութի շրջանի 3 գյուղերում՝ Մեծ Թաղերում, Դրախտիկում և Ազոխում ջրային խողովակների կառուցման համար ծախսվել է մոտ 344 մլն դրամ:
Կրթական հաստատություններ
2021 թվականի հունվարին Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը հայտնեց, որ պատերազմի հետևանքով Արցախը կորցրել է 107 դպրոց, իսկ սահմանային լինելու պատճառով չեն գործում Մարտունու Թաղավարդ ու Կալեր համայնքների և Ասկերանի Սզնեք գյուղի կրթօջախները:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում կրթական հաստատությունների կառուցման, վերանորոգման և ծրագրերի իրականացման համար Հայաստան համահայկական հիմնադրամը հատկացրել է 2 մլրդ 691 միլիոն դրամ:
Շուշիի Խաչատուր Աբովյանի դպրոցի վերանորոգման համար հատկացվել է մոտ 451 մլն դրամ: Դպրոցի բացման արարողությանը մասնակցել էր այն ժամանակվա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Շուշիում 2011-2016 թվականներին գիշերօթիկ դպրոցի կառուցման համար հատկացվել է 168 մլն դրամ:
2007 թվականին մոտ 7 մլն դրամ արժեցող ծրագրի շրջանակում կահավորվել էր Տող գյուղի միջնակարգ դպրոցը: 2008 թվականին նույն դպրոցին տրամադրվել էր համակարգչային տեխնիկա, որի համար վճարվել էր 1 մլն 896 հազար դրամ: Երկու տարի անց դպրոցի մեկ հատվածի և սպորտային մասնաշենքի հիմնանորոգման համար հիմնադրամի կողմից տրամադրվել էր 326 մլն դրամ:
2015-2017 թվականներին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում կառուցվեց նախակրթարան, որը նաև կահավորվեց: Ծրագիրն արժեցել էր 178 մլն դրամ:
Մշակութային ծրագրեր
Հայաստան համահայկական հիմնադրամը 2010-2020 թվականներին մշակութային ծրագրեր է իրականացրել Շուշիում և Հադրութում՝ ընդհանուր 1 մլրդ 252 մլն դրամ արժողությամբ։
Շուշիում հիմնվել էր Եզնիկ Մոզյանի անվան նոր արհեստագործական ուսումնարանը: Ծրագրի իրագործման համար 2011-2015 թվականներին ներդրվել է 755 մլն դրամ:
2016-2017 թվականներին արդեն իրականացվել էր ուսումնարանի սարքավորումների և գույքի տրամադրման ծրագիրը, որի արժեքը կազմել էր 68․3 մլն դրամ:
2010 թվականին վերակառուցվել և կահավորվել էր Շուշիի հանրային գրադարանը, որի համար տրամադրվել էր մոտ 83 մլն դրամ:
Համայնքային կենտրոններ
Արցախի 9 բնակավայրերում 2012-2017 թվականներին համայնքների զարգացման ուղղությամբ իրականացված ծրագրերի շրջանակներում հիմնադրամի կողմից ներդրվել էր 1 միլիարդ 176 մլն դրամ:
Այսպես, Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում կառուցվել էր համայնքային կենտրոն և հանդիսությունների տուն: Ծրագրի իրականցման համար հատկացվել էր 156 մլն դրամ: Հիմնադրամի տրամադրած 164 մլն դրամով Քյուրաթաղ գյուղում 2017 թվականին բացվել էր համայնքային կենտրոն:
Տումի գյուղի համայնքային կենտրոնի բարեկարգման և կահավորման համար տրամադրվել էր 150․5 մլն դրամ:
Իսկ ահա Ակնաղբյուր գյուղի համայնքային կենտրոնի կառուցման համար հիմնադրամը հատկացրել էր 138 մլն դրամ:
Թալիշի վերականգնումը Ապրիլյան պատերազմից հետո
Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում ամենից շատ տուժած գյուղերից էր:
Պատերազմից հետո մեծ ռեսուրսներ են ուղղվել համայնքում բնականոն կյանքը վերականգնելու համար: 2017 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսեց «Թալիշի վերածնունդ» ծրագիրը, որի շրջանակում գյուղում կառուցվել է կենցաղի տուն, վերակառուցվել է 18 բնակելի տուն, համայնքային կենտրոնը, բուժկետը, ակումբը, հանդիսությունների սրահը, խմելու ջրի ցանցը և կոյուղին:
Ծրագրի բյուջեն կազմել է 1,693,815 դոլար՝ ըստ պաշտոնական կայքի:
Նշենք, որ Ադրբեջանը գրավեց Թալիշը պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում: Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց գյուղից, որտեղ երևում էին նաև Հիմնադրամի միջոցով կառուցված շենքերը:
Փաստացի, միայն Համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացված ծրագրերով Արցախի կորսված տարածքներում ներդրվել էր ընդհանուր 34 միլիարդ 917 միլիոն 991 հազար դրամի չափով գումար։
Լուսինե Ոսկանյան