Ազգային ժողովում օգոստոսի 24-ին պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան այն դիտարկմանը, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում ձևակերպումներն ավելի հստակ էին, քան կառավարության հնգամյա ծրագրում, անդրադարձավ կառավարության ծրագրում Արցախի վերաբերյալ անորոշ ձևակերպումներին։
Փաշինյանը, մասնավորապես, նշեց, որ կառավարության ծրագիրը նպատակաուղղված է բանակցային միջավայրի համար պատշաճ միջավայրի ստեղծմանը նպաստելուն՝ համաձայն հուլիսի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած համատեղ հայտարարության։
«Եվ մենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ողջունել է Մինսկի խմբի այդ հայտարարությունը, և մենք…: Եթե մենք ասում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում պետք է բանակցային գործընթացը վերականգնվի, ուրեմն մենք չենք կարող այդ ուղղությամբ քայլեր չանել և անհաղորդ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը։ Այն, ինչ գրված է նախընտրական ծրագրում, գրված է նախընտրական ծրագրում, այն, ինչ գրված է կառավարության ծրագրում, արվել է մաքսիմալը բանակցային միջավայրի համար նպաստավոր ձևակերպելու համար»,- հայտարարեց Փաշինյանը։
Պատերազմից տասնմեկ ամիս անց «Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ներկայացնել Հայաստանի և Ադրբեջանի հռետորաբանությունները և դրանց տարբերությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը
Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որին հղում արեց Նիկոլ Փաշինյանը, արվել է այս տարվա հուլիսի 29-ին և վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը։ «Համանախագահները կրկնում են հակամարտության բոլոր մնացած հիմնական էական հարցերի բանակցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին համանախագահների հովանու ներքո: Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո երկկողմ ուղղակի խորհրդակցություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն կառուցված օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների»,- նշված էր հայտարարության մեջ։
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել էր համանախագահների հայտարարությունը։ «Վստահ ենք, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը»,- ասվում էր ԱԳՆ հայտարարության մեջ։
Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում և ընտրություններից հետո պարբերաբար հայտարարում է, որ կառավարությունը տարածաշրջանում «խաղաղ զարգացման դարաշրջան բացելու» մանդատ է ստացել։ Պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանին ուղղված հայտարարությունները մինչ օրս հիմնականում վերաբերում են մայիսին Ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը և սահմանային լարվածությանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակում հակամարտության լուծման անհրաժեշտությանը։
Վարչապետ Փաշինյանն առաջարկել էր նաև սահմանազատման աշխատանքների մեկնարկի սեփական պլան, ըստ որի՝ հայկական և ադրբեջանական ուժերը սահմանից հետ են քաշվում հավասարապես, և միջազգային կամ ՀԱՊԿ դիտորդները հսկում են սահմանը մինչև սահմանազատման աշխատանքների ավարտը։ Չնայած այս առաջարկը հավանության էր արժանացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից, Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել դրան։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի համար առաջնահերթություն է նաև տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը։ «Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև՝ ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար»,- այս տարվա հուլիսին հայտարարել էր Փաշինյանը՝ նշելով, որ անկախ դրանից, Հայաստանը շարունակելու է «հետևողական աշխատանք» տանել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ։
Պատերազմի ավարտից հետո Արցախի Հանրապետության անկախության ճանաչման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը քաղաքական բանավեճի թեմա է։
Նոր կառավարության ներկայացրած ծրագրում ինքնորոշման իրավունքի իրացումը շարադրված է հակամարտության կարգավորման համար կենսական մի քանի տարրերի հիման վրա, այդ թվում՝ ինքնորոշման։
Կառավարության ծրագրում Արցախին վերաբերող հատվածը բաղկացած է ընդամենը 4 կետից:
Կառավարության ծրագրի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի տարբերությունների վերաբերյալ «Փաստերի ստուգման հարթակի» հոդվածը կարող եք գտնել այստեղ։
Օգոստոսի 25-ի երեկոյան Ադրբեջանի զինված ուժերը փակեցին Հայաստանի համար կարևոր նշանակության Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածը, որը պատերազմի ավարտից հետո հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։ Վարչապետ Փաշինյանը, խոսելով միջադեպից, նշեց, որ Սյունիքն այդ կերպ Հայաստանից չի կտրվում, քանի որ կա նաև այլընտրանքային՝ դեռևս ոչ ասֆալտապատ ճանապարհ։ «Մեզ շատ պինդ նյարդեր են պետք, մենք չպետք է կարծենք՝ մի օրում, մի ժամում, 6-7 ամսում մեզ հաջողվելու է ստեղծել լիարժեք կայուն միջավայր: Հենց դրա համար էլ կառավարության ծրագրում գրված է առաջնային խնդիրը Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակը կայունացնելն է: [․․․] պետք է հստակ արձանագրենք՝ առաջ ենք գնում խաղաղության օրակարգով»,- հայտարարել է Փաշինյանը։
Ադրբեջան
Օգոստոսի 24-ին Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի հետ հանդիպման ժամանակ Ալիևը ևս մեկ անգամ մեղադրեց ԵԱՀԿ Մինսկի խմբին անգործության մեջ՝ հայտարարելով, որ վերջիններս պետք է նախորդ տարիների ընթացքում սանկցիաներ կիրառեին Հայաստանի դեմ։ «Եթե Հայաստանի նկատմամբ ճիշտ ժամանակին պատժամիջոցներ մտցվեին, եթե Մինսկի խմբի համանախագահները` աշխարհի երեք գերտերությունները, օգտագործեին իրենց ներուժի հինգ տոկոսը, որպեսզի համոզեին կամ հարկադրեին Հայաստանին՝ դուրս բերել իր օկուպացիոն ուժերը, ապա պատերազմ չէր լինի: Հետևաբար, պատերազմի համար պատասխանատվությունը ոչ միայն Հայաստանն է կրում, այլև բոլոր նրանք, ովքեր չկարողացան, կամ չցանկացան հարկադրել նրանց՝ հետևել միջազգային իրավունքին»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Պատերազմի ավարտից հետո ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում անիմաստ են։
Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգում է նաև Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցը։ «Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա մեզ էլ է պետք խաղաղ համաձայնագիրը: Եթե Հայաստանը պատերազմ է ուզում, ապա կստանա նույն արդյունքը, ինչ նախորդ տարվա աշնանը: Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա պետք է սահմանազատման բանակցություններ վարի: Եթե նրանք դա չանեն, ապա կզղջան», — հունիսին հայտարարել էր Իլհամ Ալիևը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ չի պատասխանել Ալիևի հայտարարություններին, խաղաղության համաձայնագրի վերաբերյալ նմանատիպ մի հայտարարության ԱԳՆ-ն պատասխանել էր գարնանը։ «Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է նախևառաջ խաղաղ գործընթաց»,- նշված էր հայտարարությունում։
Պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններում խաղաղության կոչերին զուգահեռ հնչում են ռազմատենչ և Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում առանց կարգավիճակի ապագա ենթադրող ձևակերպումներ։
Բացի այդ, Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, և կոչ է արել դադարել օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը՝ այն փոխարինելով «Ղարաբաղ»-ով։
Ադրբեջանը պարբերաբար կոչ է անում սկսել սահմանազատման աշխատանքները, սակայն չի նշում սահմանային լարվածությունը թուլացնելու և զորքերը շփման գծից դուր բերելու մասին: Անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը տարածել էր այսպիսի հայտարարություն. «Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից և չի ցանկանում ընդունել, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ [.․․] Կայուն խաղաղության կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի հիման վրա»։
Հետաքրքրական է, որ Ալիևը ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում ընդունել էր, որ Ադրբեջանն է սկսել 44-օրյա պատերազմը։ Իսկ մի քանի օր անց վերջինս հայտարարեց նաև, որ Հայաստանը կեղծ մեղադրանքներ է հնչեցնում՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման վերաբերյալ, և թե Սև լճի տարածքը, որտեղ դիրքավորվել են Ադրբեջանի զինված ուժերը, ադրբեջանական է։ «Մենք մեր հողի վրա ենք, Գարագյոլը (Սև լիճը- խմբ.) մերն է, մյուս տարածքներն էլ մերն են։ Մենք վերադարձանք։ Այդ տարածքը 30 տարի եղել է հայերի մոտ։ Եթե սահմանն անցնում էր այն տարածքով, որի մասին խոսում էին հայերը, ապա ինչո՞ւ նրանք այնտեղ չմնացին, ի՞նչ է տեղի ունեցել։ Երբ մենք եկանք ու կանգ առանք, նրանք հայտարարեցին, որ մենք մեր տեղում չենք։ Մենք կանգնած ենք այն վայրում, որտեղ որ պետք է, և եթե ցանկանանք, կկանգնեն այն տեղերում, որտեղ կուզենք»,— հայտարարել է Ալիևը:
Ալիևի հայտարարությունից բավական ժամանակ առաջ թե՛ Ֆրանսիայի և թե՛ Միացյալ Նահանգների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի մեկ տասնյակից ավել պատգամավորներ բացահայտ կերպով կոչ են արել Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից և սկսել բանակցային գործընթացը սահմանազատման վերաբերյալ։
Ամփոփելով՝ նշենք, որ պատերազմից մեկ տարի անց Ադրբեջանը շարունակում է սպառնալիքների և ուլտիմատումների լեզվով խոսել խաղաղության մասին՝ ի տարբերություն Հայաստանի, որը հստակ քայլեր է անում բանակցությունները վերսկսելու և խաղաղության գործընթացը մեկնարկելու ուղղությամբ:
Անի Ավետիսյան