Ազգային ժողովում օգոստոսի 25-ին կառավարության ծրագրի ներկայացման և հարցուպատասխանի ժամանակ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցան բախումներ, ծեծկռտուք, որոնք ուղեկցվեցին նաև լրագրողների հանդեպ բռնությամբ, նրանց մասնագիտական գործունեության խոչընդոտմամբ։
Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական հաղորդման օգոստոսի 25-ի գլխավոր թողարկմանը թեև անդրադարձ կա այդ միջադեպերին, սակայն պատկերը ներկայացվում է ոչ ամբողջական և մանիպուլյատիվ:
Սեյրան Օհանյանի և Հայկ Սարգսյանի միջև միջադեպի մասին
Լուսաբանման հենց ամենասկզբում «Լուրերի» մեկնաբանն իր խոսքում տեղի ունեցածը նկարագրում է թերի և լղոզված։ Նա, մասնավորապես, ասում է, որ մթնոլորտը շիկացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի արած՝ «բոլոր այն պաշտպանության նախարարները, որոնց օրոք փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել. հայրենիքի դավաճաններ են» արտահայտությունից հետո։
«Սեյրան Օհանյանը, արձագանքելով պատգամավորի ձևակերպմանը, նրա վրա շիշ է նետել, սկսվել է քաշքշուկ, միջամտել են անվտանգության աշխատակիցները»,- նշում է մեկնաբանը։
Այնինչ, այդ արտահայտությանն ի պատասխան՝ Օհանյանը արձագանքել է ասելով՝ «Հայրենիքի դավաճանը դու ես, այ տղա», որից հետո Հայկ Սարգսյանը ասել է՝ «Ես քե՞զ եմ ասում, արա», և դրանից հետո է միայն Սեյրան Օհանյանը շիշը նետել Հայկ Սարգսյան վրա։
Միջադեպի վերաբերյալ ռեպորտաժում չի խոսվում այն մասին, որ Օհանյանի կողմից շիշը նետելուց հետո շշեր նետվեցին նաև ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ՝ իշխանական խմբակցության կողմից։ Չի ասվում դրան հաջորդած քաշքշուկների և հրմշտոցների մասին, չի նշվում դրանց մասնակցած շուրջ երկու տասնյակ պատգամավորներից որևէ մեկի անունը՝ բացառությամբ Սեյրան Օհանյան ու Հայկ Սարգսյանի։
Վահե Հակոբյանի և Վահագն Ալեքսանյանի միջև միջադեպի մասին
Ռեպորտաժում, անդրադառնալով հաջորդ միջադեպին, լրագրողը նշում է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթին տեղից արձագանքում են իշխանական պատգամավորները, ինչին ի պատասխան Վահե Հակոբյանը ասում է՝ «Արան դու ես, այ տղա»։
«Վահե Հակոբյանը, կիսատ թողնելով ելույթը, շարժվեց դեպի ՔՊ-ի պատգամավորները։ Անվտանգության աշխատողները չհասցրին կանխել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև բախումը…»,- մեկնաբանում է ռեպորտաժի հեղինակը։
Ռեպորտաժում, սակայն, բաց է թողնված գործողությունների և անձանց շատ էական շրջանակ։ Բացարձակապես չի խոսվում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մասին, չի հիշատակվում անգամ նրա անունը, այնինչ բախումն ու ծեծկռտուք սկսողը հենց Վահագն Ալեքսանյանն էր, որն իր մի քանի գործընկերների հետ, մոտենալով Վահե Հակոբյանին, ոտքով հարվածեց նրան, դրանից հետո սկսվեց քաշքշուկ, նորից հարվածեցին Վահե Հակոբյանին՝ այս անգամ դեմքին, հարվածողը Հայկ Սարգսյանն էր։ Սկսված ծեծկռտուքի մեջ տարբեր ընդդիմադիր պատգամավորների հարվածելով առանձնանում էր նաև Վահե Ղալումյանը։
Թե՛ Վահագն Ալեքսանյանի, թե՛ Հայկ Սարգսյանի և թե՛ Վահե Ղալումյանի հարվածները տեսագրված են և լայնորեն տարածված համացանցում։ Այդ տեսանյութերն անգամ տեղադրել է Առաջին ալիքը։
«Լուրերի» գլխավոր թողարկման ժամանակ, այսպիսով, ընտրողաբար չի խոսվում այդ միջադեպերի առանցքային գործողությունների ու անձանց մասին:
Լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում
8-րդ գումարման ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման սկիզբը դրվեց օգոստոսի 11-ին, երբ նիստի ժամանակ դահլիճում կրքերը բորբոքվեցին, և ԱԺ նախագահի հրահանգով լրագրողներին դուրս հանեցին լրագրողական օթյակից, իսկ նիստի ուղիղ հեռարձակումը դադարեցվեց։
Օգոստոսի 25-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ևս խոչընդոտվեց լրագրողների մասնագիտական գործունությունը․ նրանց, բռնություն գործադրելով, հանեցին լրագրողական օթյակից։
«Լուրերի» գլխավոր թողարկումն այս թեմային անդրադառնում է միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքին հղում անելով և ուղիղ մեջբերմամբ, որում ասվում է, որ նմանօրինակ միջադեպի կրկնության դեպքում պետք է ամեն ինչ արվի, որպեսզի լրագրողներին այլևս դուրս չհանեն լրագրողական օթյակից։ Տարածվող կադրերում երևում է, որ օթյակից հեռացվում է նաև Հանրայինի լրագրողը, սակայն դրա մասին որևէ խոսք լուրերի ժամանակ չի ասվում։
Հիշեցնենք, որ ըստ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 22-րդ հոդվածի՝ հանրային հեռարձակողը պարտավոր է հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենադիտելի եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը։
Այսպիսով, կարելի է նշել, որ Առաջին ալիքը և, մասնավորապես, «Լուրեր» լրատվական հաղորդումն իր գլխավոր թողարկման ժամանակ օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպերը լուսաբանել է ընտրողաբար, չի պահպանել անկողմնակալության սկզբունքը և կոնկրետ դեպքում չի ապահովել կարծիքների բազմազանություն։
Մհեր Թարոյան