Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդումը հունվարի 16-ի հերթական թողարկմանը ներկայացրել է տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի այցը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն։
Այցի շրջանակներում նախարարը ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ գնացքով Երևանից Սևան է մեկնել՝ դիտարկելով ճանապարհին ի հայտ եկած թերությունները։
Անդրադառնալով գնացքի արագությանը՝ հաղորդման թղթակիցը հայտնում է, որ տարիների աշխատանքի շնորհիվ բարձրացել է գնացքի միջին արագությունը․ ամռանը Երևանից Շորժայի լողափ ուղևորները կհասնեն 90 րոպեում։
Գնացքի արագությունը, սակայն, չի բարձրացվել։ Ավելին, եթե ձմռանը Երևանից Շորժա կարելի էր հասնել 2,5 ժամում (ինչպես ներկայացնում է հանրային հեռուստաալիքը), ապա այժմ այդ նույն ճանապարհը գնացքն անցնում է 3 ժամում։
Մեզ հետ զրույցում «Երևան» կայարանի աշխատակիցը հայտնեց, որ գնացքները գործում են միայն ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, իսկ տևողությունը ոչ թե 90 րոպե է, այլ 3 ժամ։
Հիշեցնենք, որ 2008 թվականից «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ը 30 տարի ժամկետով կոնցեսիոն պայմանագրով կառավարման է հանձնվել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը։ Չնայած ամեն տարի հայտարարվող ներդրումներին, ընկերության մատուցած ծառայությունների բարելավում, ըստ երևույթին չկա, իսկ համեմատելով հարևան Վրաստանի երկաթուղիների հետ՝ տեսանելի է միայն հետընթաց։
Վերջին տարիներին Վրաստանում արդիականացվել է երկաթուղային ցանցը, գնվել են ժամանակակից երկհարկանի գնացքներ, որոնք ընթանում են միջինում 120 կմ/ժ արագությամբ։ Ընթացքի մեջ է նաև 2 խոշոր ծրագիր՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը և Թբիլիսին շրջանցող նոր երկաթգծի շինարարությունը։ Ներդրումների չափը արդեն իսկ գերազանցել է 1 մլրդ դոլարը։
Մեզ մոտ, սակայն, մինչ օրս գործում են ԽՍՀՄ-ից ժառանգած և կոռոզիայի ենթարկված «էլեկտրիչկաները», որոնց միջին արագությունը 30-50 կմ/ժ է։ Նշենք նաև, որ ընթացիկ տարվա ռուսական ներդրումները կազմելու են մոտ 5,5 մլն դոլար։
Լուսանկարը՝ hetq.am-ի