2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 26 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 22 կուսակցություն։ Մասնակցության հայտ ներկայացրած ևս մեկ ուժ՝ «Հայոց արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը, հունիսի 8-ին հայտարարել էր ինքնաբացարկի մասին։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած՝ ունեցվածքի հայտարարագրերը։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերի՝ ամենահարուստը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն են, իսկ մի քանի կուսակցություններ և դաշինքներ առհասարակ ոչինչ չեն հայտարարագրել։
Մասնավորապես՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռ», «Ինքնիշխան Հայաստան», «Հայոց հայրենիք», «Համահայկական ազգային պետականություն», «5165», «Մեր տունը Հայաստանն է», «Միասնական հայրենիք», «Զարթոնք» և «Արդար Հայաստան» կուսակցությունները չունեն բացարձակապես ոչինչ։
Բացի վերը նշվածից, ընտրություններին մասնակցող կուսակցություններից մի քանիսի դեպքում հայտարարագրերում տեսնում ենք չնչին գումարներ։
«Վերելք» կուսակցությունը, օրինակ, հայտարարագրել է ընդամենը 15,000 դրամ դրամական միջոցներ։ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» անդամ կուսակցություններից դրամական միջոցներ հայտարարագրել է միայն «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը՝ 50,000 դրամ։
«Ազատ հայրենիք» դաշինքի մաս կազմող 5 կուսակցություններից դրամական միջոցներ է հայտարարագրել միայն «Ազգային ինքնորոշում միավորումը»՝ 120,000 դրամ։
«Հայաստանի եվրոպական կուսակցությունը» հայտարարագրել է 511,000, իսկ «Ազգային օրակարգը»՝ 665,000 դրամ։
«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը» ԿԸՀ է ներկայացրել 5 մլն 250 հազար դրամ եկամուտ։
Մյուս կուսակցությունների հայտարարագրերում նշված անշարժ գույքի և դրամական միջոցների չափը գերազանցում է 10 մլն դրամը։
«Հանրապետություն» կուսակցության հայտարարագրած դրամական միջոցները կազմել են ուղիղ 10 մլն դրամ, իսկ «Ազատական կուսակցությանը»՝ 10 մլն 15 հազար դրամ։
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցության դրամական միջոցները փոքր-ինչ ավելի են՝ 10 մլն 565 հազար դրամ և 500 դոլար։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության դրամական միջոցները կազմել են մոտ 1 մլն 323 հազար դրամ։ «ՔՈ»-ն հայտարարագրել է նաև 10 մլն 475 հազար դրամ նվիրատվություն։
«Հայ ազգային կոնգրեսը» հայտարարագրել է 506,000 դրամ դրամական միջոցներ և 11 մլն 478 հազար դրամ եկամուտ։ ՀԱԿ-ը հայտարարագրել է նաև 297 քմ մակերեսով մեկ անշարժ գույք, որը գտնվում է Երևան քաղաքի Սարյան 38 հասցեում։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարագրել է 91 մլն դրամ, որից 39 մլն-ը պետական բյուջեից կուսակցությանը կատարված հատկացումն է։ Ուշագրավ է, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանի» հայտարարագրում միայն պետբյուջեից կուսակցությանը արված՝ 9․1 մլն դրամի չափով հատկացումն է։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է 94 մլն դրամ և հինգ կտոր անշարժ գույք, որոնք կուսակցությունը վարձակալել է։
Ամենահարուստ քաղաքական ուժերը
«Հայաստան» դաշինքի անդամ «Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը ամենահարուստ կուսակցություններից է։ Այն հայտարարագրել է 49 շենք և շինություն, ընդհանուր՝ 10,305 քմ տարածքով։ Կուսակցությանը պատկանող 27 կտոր հողատարածքի ընդհանուր մակերեսը 1․3 հեկտար է։ Դաշինքի մյուս անդամ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ոչինչ չի հայտարարագրել։
Մյուս ամենահարուստ դաշինքը «Պատիվ ունեմ»-ն է, որի անդամ են Հայաստանի հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունները։ ԱԱԾ նախկին պետ և դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիքը» հայտարարագրել է երեք շենք, որից երկուսը կուսակցությունը վարձակալել է։
«Հանրապետական» կուսակցությունը հայտարարագրել է շուրջ 214 մլն դրամ, 56 կտոր շենք և շինություն՝ ընդհանուր շուրջ 12 հազար քմ մակերեսով (որից շուրջ 1400 քմ-ն կուսակցությանը պատկանում է վարձակալական հիմունքներով), և 1.5 հեկտար ընդհանուր տարածքով 20 կտոր հող։
Անի Ավետիսյան