Օգոստոսի 28-ին Սերժ Սարգսյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպում է ունեցել, որի ընթացքում խոսել է 2013 թվականին Մաքսային, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության որոշման մասին:
Մի գիշերո՞ւմ
Մասնավորապես, Սարգսյանը նշել է, որ որոշ՝ հատկապես օտարերկրյա լրատվամիջոցներ, փորձում են 2013 թվականին Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» ներկայացնել, որոնք անհիմն են և պարզապես ծիծաղելի:
Իրականում, Սերժ Սարգսյանը 2014 թվականի հունվարին Չեխիայում հանդիպել է սփյուռքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ նրան հարցրել են, թե Մաքսային միությանը անդամակցելու հարցում ինչո՞ւ չի հարցրել համայն հայության կարծիքը և հանրաքվե չի անցկացրել, Սարգսյանը պատասխանել է. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»:
Սարգսյանը «Բազե» հավաքի ժամանակ նաև ասել է. «Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ, և՛ Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի»:
Սակայն, Եվրոպական Միության հետ պայմանագրի շուրջ Հայաստանի բանակցությունները սկսվել էին դեռևս 2010 թվականի գարնանը, իսկ Մաքսային և ապա Եվրասիական միությանը անդամակցելու պայմանների բանակցությունները՝ 2014-ի ձմռանը՝ այդ միությանը անդամակցելու որոշումից և ԵՄ-ի հետ համաձայնագրի տապալումից հետո:
Մեկը մյուսին չի՞ խանգարում
Ավելին, քանի դեռ Սերժ Սարգսյանը ասում է, որ և´ ԵՄ-ն, և´ Մաքսային միության ներկայացուցիչները պնդում էին, որ «մեկը մյուսին չի խանգարի», արձանագրենք, որ ի սկզբանե հայտնի էր, որ դա այդպես չէ:
Եվրոպական Միության հետ Հայաստանը բանակցում էր դեռևս 2010 թվականից և բանակցված փաստաթղթի մեջ կային նաև երկկողմանի ազատ առևտրին վերաբերող դրույթներ (համաձայնագրի խորը և համապարփակ առևտրի մասում), իսկ ցանկացած մաքսային միության անդամ երկիր չի կարող ինքնուրույն ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել երրորդ կողմի հետ։ Այդպիսի պայմանագիր կարող է ստորագրել միմիայն միությունը՝ վավերացնելով անդամ-պետությունների խորհրդարաններում:
Ցանկացած մաքսային միություն ունի միասնական մաքսային կարգավորումներ և ակնհայտ է, որ երկրներից մեկը չի կարող այլ երկրների հետ պայմանավորվել և ունենալ այլ կարգավորումներ:
2013 թվականի սեպտեմբերի 3-ից ընդամենը 2 շաբաթ առաջ՝ օգոստոսի 21-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Արմնյուզ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում մանրամասն հիմնավորում էր, թե ինչու Հայաստանին ձեռնտու չէ անդամակցել Մաքսային միությանը: Նա ևս պնդեց, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցներ իր սուվերենությունը և չէր կարողանա ազատ առևտրի պայմանագրեր կնքել այլ երկրների հետ:
Հետևապես, իշխանություններին քաջ հայտնի էր, որ Մաքսային միության անդամ դառնալու դեպքում Հայաստանը չի կարողանա ստորագրել Եվրամիության հետ բանակցված պայմանագիրը: