Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա ապրիլ ամսին Հայաստանում սպառողական գների վերաբերյալ հաշվետվությունը, ըստ որի՝ նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատ արձանագրվել է 6․2 տոկոս գնաճ։
Սակայն սա վերաբերում է ընդհանուր գնաճին, մինչդեռ սննդամթերքի գներն աճել են 8․5 տոկոսով, ալկոհոլային խմիչքներինը՝ 8․7 տոկոսով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 9․1 տոկոսով, հագուստ-կոշիկը՝ 3․2 տոկոսով։
Ինչպես նշեցինք, ապրիլ ամսին նախորդ տարվա նույն ամսի համեմատ սննդամթերքի գներն աճել են 8․5 տոկոսով, սակայն առանձին սննդամթերքների դեպքում գնաճն առավել ակնառու է։ Բացի հացաբուլկեղենից և մսամթերքից, որոնց գներն աճել են, համապատասխանաբար, 7․6 և 4 տոկոսով, մյուս սննդամթերքների գներն ավելի բարձր են, քան գրանցված միջին գնաճը։
Առանձին ապրանքների դեպքում առավել ակնառու է խոզի մսի և թռչնամսի (համապատասխանաբար՝ 17․9 տոկոս և 11․8 տոկոս), ձվի (55․7 տոկոս), շաքարի (41 տոկոս) գնաճը։ Նախորդ տարվա ապրիլի համեմատ, թերևս, գնանկում արձանագրած միակ ապրանքը տավարի միսն է։ Դրա գինը նվազել է 2․6 տոկոսով։
Ինչ վերաբերում է մարտ ամսվա հետ համեմատությանը, ապա ըստ վիճակագրական կոմիտեի՝ վերը նշված ապրանքների մեծ մասի դեպքում գնաճը շարունակվել է։
Սննդամթերքի գները մարտ ամսվա համեմատ աճել են 2․7 տոկոսով, ալկոհոլային խմիչքներինը՝ 0․8 տոկոսով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 1․6 տոկոսով, հագուստի և կոշիկի գները՝ 1․5 տոկոսով։
Սևադա Ղազարյան