«Հակահամաճարակային Ալյանս» նախաձեռնությունը ապրիլի 28-ին հայտարարություն էր տարածել՝ պնդելով, թե Առողջապահության նախարարությունը խախտում է COVID-19-ի պատվաստումների տարիքային շեմը։
Որպես նման հայտարարության հիմք՝ նախաձեռնությունը կցել էր առողջապահության նախարարի ապրիլի 22-ի հրամանը, որով փոփոխություն էր կատարվել պատվաստումների կարգի մասին որոշման մեջ։
«Փաստ է, որ ներկայումս Հայաստանում կիրառվող որևէ պատվաստանյութ, այդ թվում Սպուտնիկ V և ԱստրաԶենեկայի կիրառման ուղեցույցներում սահմանվում է տվյալ պատվաստանյութի կիրառումը 18 տարեկանից սկսած։ Ավելին՝ պատվաստանյութերը հակացուցված են 0-ից 18 տարեկան երեխաներին»,— նշված է նախաձեռնության հայտարարությունում։
Նրանք նաև երկու հարց են ուղղել, թե ինչո՞ւ է Առողջապահության նախարարությունը խախտել պատվաստման տարիքային շեմը, և ո՞վ է կրելու պատասխանատվություն՝ 16-18 տարեկան երեխաների առողջությանը հասցվելիք հնարավոր վնասի համար։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել այս հայտարարությունը՝ հասկանալու, թե ի վերջո՝ ո՞վ կարող է պատվաստվել Հայաստանում, և արդյո՞ք անչափահասները նրանց թվում են։
Ովքեր կարող են պատվաստվել Հայաստանում
Առողջապահության նախարարը, չնայած նախապես հաստատված ռիսկային խմբերի պատվաստումներին տրվող առաջնահերթություններին, ապրիլի 22-ին փոփոխել է նախկին հրամանը՝ հնարավորություն տալով պատվաստվել բոլոր այն չափահաս անձանց, որոնք նման ցանկություն ունեն։ Այս պահին ցանկացողների համար առկա է միայն AstraZeneca պատվաստանյութը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ պատվաստումների երկու շաբաթվա ընթացքում շուրջ 2200 հոգի է պատվաստվել Հայաստանում։
Կատարված փոփոխություններով, իսկապես, ռիսկի խմբում ներառվում են նաև 16-64 տարեկան խրոնիկ հիվանդություններ ունեցող անձիք։ Սա, սակայն, ըստ Առողջապահության նախարարության, չի նշանակում, թե 16 տարեկանները պատվաստվելու են։
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը Fip.am-ի հետ զրույցում ասաց, որ հրամանում ներկայացված են կորոնավիրուսի ռիսկային խմբերը, որոնք հաստատված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, սակայն այս փուլում Հայաստանում որոշում կա պատվաստելու միայն 18 տարեկանից բարձր անձանց՝ անկախ պատվաստանյութից։
Բացի այդ, հենց փաստաթղթում նշված է, որ 16-64 տարեկան քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց դեպքում պատվաստումը պետք է իրականացվի՝ ըստ առանձին պատվաստանյութերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների և առողջապահության նախարարի հրամանով հաստատված առանձին պատվաստանյութերի կիրառման ուղեցույցների։
Իսկ AstraZeneca և Sputnik V պատվաստանյութերը, ըստ պատվաստանյութերի բնութագրերի, նախատեսված են միայն 18 տարեկանից բարձր անձանց համար։
Պատվաստանյութ 16-17 տարեկանների համար
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և առանձին երկրների առողջապահական մարմինների ուսումնասիրությունների` կորոնավիրուսային հիվանդության դեմ 16 տարին լրացած անձանց պատվաստումը հակացուցված չէ, հատկապես՝ եթե վերջիններս ունեն առողջական խնդիրներ, իսկ պատվաստանյութը նախատեսված է այդ տարիքի երեխաների համար։ Պատվաստանյութերի մի մասը, սակայն, հակացուցված է 18-ից ցածրերին։ Այսպես, Ավստրալիայի, ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի առողջապահական մարմինների՝ պատվաստումների վերաբերյալ առաջարկություններում ևս սահմանվում է 16-17 տարեկան երեխաների պատվաստման անհրաժեշտությունը, հատկապես՝ եթե վերջիններս առողջական խնդիրների պատճառով կորոնավիրուսի ռիսկային խմբում են։ 16-17 տարեկանների համար, օրինակ, անվտանգ է Pfizer-BioNTech-ը, որն էլ կիրառվում է վերը նշված երկրներում։
Այսպես, այն երկրները, որոնք նախատեսում են պատվաստում իրականացնել՝ սկսած 16 տարեկանից, իրենց տեղեկատվական հարթակներում ներառում են մանրամասն տվյալներ, թե որ պատվաստանյութը որ տարիքային շեմի համար է նախատեսված։ Լուսանկարում երևում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի կայքում առկա տեղեկությունը՝ Pfizer և Moderna պատվաստանյութերի մասին, որոնք նախատեսված են, համապատասխանաբար, 16 և 18 տարեկանից բարձր անձանց համար։
ՀՀ առողջապահության նախարարության կայքում այս պարզաբանումների բացակայությունը կարող է տարընթերցումների պատճառ դառնալ։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Առողջապահության նախարարության հրապարակած փաստաթղթում կորոնավիրուսային հիվանդության ռիսկային խմբերում 16-17 տարեկան երեխաներին ներառելու փաստը սխալ է մեկնաբանվել․ նրանք անչափահասներին հակացուցված պատվաստանյութերով Հայաստանում չեն պատվաստվելու։
Անի Ավետիսյան