Մարտի 17-ին հայկական ԶԼՄ-ները, հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, գրեցին, որ ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։
«Ռուսական գազի մատակարարումը Հայաստան Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված: Ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են ստորագրել ռուսական գազի՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրման վերաբերյալ», — տեղեկացրել էր Tert.am-ը՝ հղում անելով Vesti.ru-ին։
Նմանատիպ երկիմաստ վերնագրով նյութ հրապարակել էին նաև Sputnik Armenia-ն, «Հետքը», «Հրապարակը» և մի շարք այլ լրատվականներ։
Ռուսական լրատվամիջոցների աղբյուրը «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հաղորդագրությունն էր, ըստ որի՝ «Գազպրոմ Էքսպորտ» ռուսական ընկերությունը և «Սոկար» Ադրբեջանի նավթարդյունահանող պետական ընկերությունը մարտի 16-ին կնքել են Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման կարճատև պայմանագիր։ Նման հաղորդագրություն, սակայն, «Գազպրոմ Էքսպորտի» կայքում գտնել մեզ չհաջողվեց։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե իրո՞ք ժամանակավորապես դադարեցվել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան Վրաստանի տարածքով, և արդյո՞ք Հայաստանը գազ է ստանալու Ադրբեջանի տարածքով։
Հայաստանը շարունակում է գազ ստանալ Վրաստան-Հայաստան գազամուղով, գազամատակարարումը Վրաստանի տարածքով չի դադարեցվել
Այսպես, ի պատասխան Fip.am-ի հարցմանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետության գազամատակարարումն իրականացվում է Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարով: Նշենք, որ Հայաստանը ռուսական գազ ստանում է բացառապես նշված գազատարով։
Բնական վառելիքն անմիջականորեն Ադրբեջանից Հայաստան չի փոխադրվի
Ռուսական և հայկական ԶԼՄ-ների հրապարակումներից կարելի էր տպավորություն ստանալ, թե խոսքը գնում է Ադրբեջանի տարածքից անմիջականորեն Հայաստան իրականացվելիք գազամատակարարման մասին։ Այնինչ, իրական պատկերն այլ է։
Վրաստանի և Ռուսաստանի սահմանով անցնող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերանորոգվող մասը շրջանցելու համար գազը Ռուսաստանի տարածքից անցնելու է Ադրբեջան, այնուհետև Վրաստան և միայն հետո իր մշտական ճանապարհով դեպի Հայաստան։
Մենք փորձեցինք տեղեկություններ ստանալ նաև ռուսական «Գազպրոմ Էքսպորտ» ընկերությունից, որը «Գազպրոմի» դուստր ընկերություններից մեկն և զբաղվում է գազի արտահանմամբ։ «Գազպրոմ Էքսպորտի» տեղեկատվության բաժնից հրաժարվեցին մեկնաբանել՝ խնդրելով գրավոր հարցում ուղարկել, որն էլ դեռևս անպատասխան է մնացել։
Ադրբեջանական «Սոկար» պետական ընկերության հանրային կապերի բաժնի ղեկավարը Իբրահիմ Ահմեդովը պարզաբանել է, որ ռուսական գազն Ադրբեջանի տարածքով կանցնի համապատասխան տարանցիկ վճարով, կփոխադրվի Վրաստան, որտեղից էլ կհասնի Հայաստան:
Աշխատանքները կտևեն երեք շաբաթ, որից հետո գազի փոխադրումը նախկինի պես կանցնի Ռուսաստանի և Վրաստանի տարածքով:
Նշենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կապող գազատարներ գոյություն ունեցել են Տավուշի մարզում, որը կապում էր Երևանն ու Ղազախը, և Արարատի մարզում՝ Երևան-Նախիջևան: 1991 թվականին Արցախյան հակամարտության վերսկսումից և Խորհրդային Միության փլուզումից հետո, բնականաբար, այդ գազատարների աշխատանքը խափանվել է։ Ներկայում Հայաստան բնական գազ մտնում է Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով, և Իրանից՝ Իրան-Հայաստան գազատարի միջոցով։
Հայկ Հովհաննիսյան