168.am կայքը hունվարի 12-ին գրել էր, որ իշխանությունները նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին օրենքի խախտումով ուզում են դարձնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ Կայքը նաև զրուցել էր ԲԴԽ գործող նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, որին, ըստ հոդվածի, իշխանությունները ցանկանում են հեռացնել պաշտոնից։ Նա կարծիք էր հայտնել, որ Ջհանգիրյանը կհրաժարվի այդ առաջարկից և չի խախտի օրենքը։ «ԲԴԽ անդամ դառնալու համար կան օրենքով սահմանված չափանիշներ, մասնավորապես` տարիքային շեմ»,- նշել էր Վարդազարյանը և խորհուրդ տվել նայել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, ըստ որի՝ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:
«Իսկ նույն օրենսգրքի 97-րդ հոդվածը սահմանում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները, հենց 1-ին կետով նշում է, որ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք,- գրում է հոդվածագիրը և հավելում,- թեպետ Փաշինյանի ընտանեկան թերթում (armtimes.com) նշված է, որ Գագիկ Ջհանգիրյանը 65 տարեկան է, վերջինս արդեն 66 տարեկան է, քանի որ ծնվել է 1955 թ.»:
«Ինչևէ, սա այնքան էլ էական չէ: Էական է այն, որ Գագիկ Ջհանգիրյանը դատավոր չէ, իսկ ԲԴԽ անդամի կարգավիճակը հավասարեցված է դատավորի կարգավիճակին, սակայն, փաստորեն, նա դատավոր էլ չի կարող ընտրվել՝ տարիքային սահմանափակման պատճառով»,- եզրակացնում է 168.am-ը։
Այս թեմայի շուրջ Ռուբեն Վարդազարյանը խոսել է նաև azatutyun.am-ի հետ և կրկնել է նույն պնդումը։ Իսկ «Ժողովուրդ» թերթն այսօր՝ հունվարի 13-ին, ևս անդրադարձել է նույն թեմային՝ գրելով, որ Գագիկ Ջհանգիրյանը չի համապատասխանում ԲԴԽ անդամի թեկնածուի պահանջներին, և հարցադրում հնչեցրել՝ «օրենք կփոխե՞ն»։ Հոդվածը վերահրապարակվել է մեծ թվով լրատվականների կողմից՝ aravot.am, yerkirmedia.am, tert.am, news.am և այլն։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու թեկնածությունը «Իմ քայլը» խմբակցությունը կներկայացնի օրենքի խախտմամբ։
Օրենքի խախտում չկա, ինչպես Գագիկ Հարությունյանն էր, այնպես էլ Գագիկ Ջհանգիրյանը կարող է ընտրվել որպես ԲԴԽ անդամ
Նախ հարկավոր է նշել, որ Բարձրագույն դատական խորհուրդն ունի 10 անդամ, որոնցից 5-ը դատավոր են ու ընտրվում են դատավորների կողմից, իսկ մյուս 5-ը իրավաբան-գիտնականներ են ու ընտրվում են Ազգային ժողովի կողմից:
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում ԲԴԽ իրավաբան անդամի տարիքային շեմի հետ կապված որևէ սահմանափակում չկա։ 80-րդ հոդվածով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները, որի 5-րդ կետով նշվում է՝ Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն: Նույն հոդվածով ԱԺ-ի կողմից ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի նույն օրենսգրքով դատավոր նշանակվելու որևէ սահմանափակում:
Նշված կայքերն ու ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հղում են տալիս օրենքի այն նորմին (97-րդ հոդվածի 1-ին մասին), որով տարիքային սահամանափակում է դրվում դատավորի թեկնածու (և ոչ դատավոր) դառնալու վրա: Այսինքն, վկայակոչվող նորմը կիրառելի չէ։ Այլ կերպ ասած, «Դատական օրենսգրքով» տարիքային սահմանափակումը վերաբերում է ԲԴԽ դատավոր անդամներին և ոչ ԱԺ-ի կողմից ընտրվող իրավաբան-գիտնականներին:
Բացի այդ, ինչպե՞ս 2018 թ. մարտին Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը 70 տարեկանում ընտրվեց ԲԴԽ նախագահ և որևէ մեկը տարիքային սահմանափակման հարց չբարձրացրեց, այդ թվում՝ նաև Ռուբեն Վարդազարյանը։
Ի դեպ, 168.am կայքն իր հոդվածում նաև նշում է, որ Գագիկ Ջհանգիրյանը ոչ թե 65 տարեկան է, ինչպես պնդում է armtimes.com կայքը, այլ արդեն 66 տարեկան է, քանի որ ծնվել է 1955 թ.-ին։ Սակայն Ջհանգիրյանն իսկապես 65 տարեկան է, քանի որ ծնվել է 1955 թ. ապրիլի 16-ին։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ պնդումը, թե «Իմ քայլը» խմբակցությունը Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու թեկնածությունը ներկայացնում է օրենքի խախտմամբ, սխալ է, և ինչպես Գագիկ Հարությունյանն էր, այնպես էլ Գագիկ Ջհանգիրյանը կարող է ընտրվել որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ։
Նելլի Լազարյան