Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, Արցախում 44 օր տևած պատերազմից հետո հրադադար հաստատվեց և ռուս խաղաղապահ զորքը տեղակայվեց Լեռնային Ղարաբաղում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում, այդ օրվանից սկսած, հրապարակվում են Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին և ընդհանուր ռազմա-քաղաքական իրավիճակը ներկայացնող քարտեզներ, որոնք թարմացվում են գրեթե ամեն օր։ Մինչ դեկտեմբերի 27-ը ՌԴ ՊՆ-ն հրապարակել է 47 քարտեզ։
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է այդ քարտեզները՝ հասկանալու, թե ինչ փոփոխություններ են գրանցվել դրանցում։
ՌԴ ՊՆ հրապարակած առաջին քարտեզում ներկայացված է ռուս խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Դրանում նշված է Երևանի Էրեբունի օդանավակայանը, որտեղից Ռուսաստանի զինված ուժերի երկու մոտոհրաձգային գումարտակ (ռուս. мотострелковый батальон, мсб) շարժվել էր դեպի Գորիս, այնտեղից էլ՝ Արցախ։
Երկրորդ քարտեզում ներկայացված է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, որը, ըստ եռակողմ հայտարարության, պետք է ունենա 5 կմ լայնություն։ Այդ հատվածում նոյեմբերի 11-ի դրությամբ տեղակայված էին երեք ժամանակավոր դիտակետեր։
Երրորդ քարտեզում ներկայացված է ռուս խաղաղապահների տեղակայման տարածքը Արցախում։
Չորրորդ քարտեզում երևում է ռազմական իրավիճակը ամբողջ հակամարտության գոտում՝ նոյեմբերի 11-ի դրությամբ։
Հաջորդ ութ քարտեզներում (նոյեմբերի 12-20) զգալի փոփոխությունների չկան։ Փոխվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության երկու գոտիների («հյուսիս» և «հարավ») սահմանները և խաղաղապահների դիտակետերի տեղակայման վայրերը։
Նոյեմբերի 21-ի քարտեզում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց հանվեց Աղդամի շրջանի տարածքը, որն Ադրբեջանին էր հանձնվել նախորդ oրը՝ եռակողմ հայտարարության համաձայն։
Նոյեմբերի 25-ի քարտեզում Քելբաջարի շրջանը նշված է բաց կանաչ գույնով, քանի որ այդ օրը այն հանձնվեց Ադրբեջանին։ Իսկ դեկտեմբերի 1-ին Լաչինի շրջանն է նշված բաց կանաչա-շագանակագույն՝ կրկին Ադրբեջանին հանձնելու հետևանքով։
Դեկտեմբերի 7-ի քարտեզում վերացվեց հայկական և ադրբեջանական ուժերը բաժանող շփման գիծը Կուբաթլուի շրջանում։
Դեկտեմբերի 13-ին քարտեզում ավելացվեցին Հադրութի շրջանում հայկական կողմի վերահսկողության տակ մնացած գյուղերը՝ Հին Թաղերը և Խծաբերդը։ Սակայն հաջորդ օրը այդ հատվածը դուրս հանվեց քարտեզից։ Այս փոփոխությունների համար որևէ բացատրություն ռուսական կողմը չներկայացրեց։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին զինված բախում եղավ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ։ Դեկտեմբերի 13-ին այնտեղ, ըստ Հադրութի նախկին քաղաքապետի, ժամանեցին ռուս խաղաղապահները, սակայն երկու օր անց՝ հոկտեմբերի 15-ին, Հին Թաղերի համայնքապետը հայտնեց, որ գյուղը Ադրբեջանին է անցել։
Դեկտեմբերի 17-ի քարտեզում փոփոխություն եղավ Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան մասում։ Մասնավորապես, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ավելացվեց Մարտակերտի Այգեստան (Վերին Չայլու) գյուղի տարածքը, որը գրավվել էր Ադրբեջանի կողմից առաջին պատերազմի ընթացքում։ Դեկտեմբերի 21-ի քարտեզում այն այլևս ներկայացված էր Ադրբեջանի տարածքում։
Դեկտեմբերի 21-ից մինչ դեկտեմբերի 27-ը քարտեզներում որևէ տարածքային կամ այլ նշանակալի փոփոխություն չի եղել։
Այսպիսով, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Արցախում տեղակայված մոտ երկու հազար ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին, ինչպես երևում է քարտեզներից, դեռ վերջնականապես չի ձևավորվել։ Քարտեզում տեղ գտած փոփոխությունները, հավանաբար, վերջնական չեն։ Fip.am-ը կհետևի քարտեզների հետագա փոփոխություններին և դրանք կներկայացնի հանրությանը։
Հովհաննես Նազարեթյան