Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 17-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների թիվը շատ փոքր է։
«Ձեր հարցից այնպիսի տպավորություն է, որ ամբողջ Լոռին վարչապետի հրաժարականն է պահանջում, բայց նման բան գոյություն չունի։ Հրաժարականը պահանջողները մոտավորապես 15-20 հոգի են, տեսախցիկներով պարզ ֆիքսել են»,- նշել է մարզպետը:
Իսկ թե Երևանու՞մ քանի հոգի են՝ մարզպետը պատասխանել է. «Ես չգիտեմ, կարող է մոտ մի 500 հոգի մարդ լինի, մոտավորապես, հստակ թիվ հայտնել չեմ կարող»։
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է Երևանում փողոց դուրս եկած և վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների իրական թիվը։
Երևանյան հավաք-երթերին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների թիվը 500-ից տասանպատիկ ավելին է
Եթե Լոռու մարզում դեկտեմբերի 8-ին իրականցված ակցիային Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջող քաղաքացիները թիվը մոտ է նորանշանակ մարզպետի հայտարարած թվերին՝ շուրջ 20 քաղաքացի, ապա երևանյան հավաք-երթերին նրանց թիվը տասնապատիկ անգամ ավելին է։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը», դեկտեմբերի 5-ից սկսած, պարբերաբար ներկայացնում է ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած ինչպես հանրահավաքների, այնպես էլ երթի մասնակիցների թիվը։
Ըստ այդմ էլ՝ կատարված հաշվարկի համաձայն, միայն դեկտեմբերի 5-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցել է մոտ 7400 մարդ:
Դեկտեմբերի 9-ին վարչապետի հրաժարականի պահանջով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիային մասնակցել է 2400-2600 մարդ։
Դեկտեմբերի 15-ին Երևանի Սասունցի Դավիթ հրապարակից մեկնարկած երթին մասնակցել է շուրջ 2700-2800 մարդ։
Նշենք, որ ընդդիմության հրավիրված հանրահավաք-երթերին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների թիվը պարբերաբար շահարկվում է, և եթե ընդդիմությունն այդ թիվը մի քանի անգամ ավելին է ներկայացնում, ապա իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես Լոռու մարզի նորանշանակ մարզպետը, կրճատում են այն։
Նելլի Լազարյան