Հուլիսի 20-ին ռուսական «Իզվեստիա» պարբերականը հայտնեց, որ Ռուսաստանը Իրաքին T-90 տանկեր է վաճառել: Մոսկվայի և Բաղդադի միջև պայմանագրի ստորագրման փաստը հաստատել էր ՌԴ նախագահի ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը: Պարբերականի փոխանցմամբ` փորձագետները պայմանագրի արժողությունը գնահատել են 1 միլիարդ ամերիկյան դոլար:
Այս նորությունը հայկական որոշ լրատվականներ յուրովի ներկայացրեցին և Իրաքի համար նախատեսված սպառազինությունը ուղարկեցին հարևան Իրան:
Մանսավորապես, News.am լրատվական կայքը հայտնեց, որ Ռուսաստանն Իրանին T-90 տանկեր կմատակարարի: «Մոսկվան ու Թեհրանը Իրանին ռուսական T-90 տանկեր մատակարարելու պայմանագիր են ստորագրել», — գրում է news.am-ը` հղում անելով «Իզվեստիային», թեև ռուսական լրատվամիջոցի հրապարակման մեջ Թեհրանի հետ համագործակցության մասին որևէ տեղեկատվություն չկա:
Նույնաբովանդակ նորություն է տեղադրվել նաև Artsakhpress.am կայքում` կրկին հղում տալով ռուսական «Իզվեստիային»։
Armtimes.com-ում ևս Իրաքին վաճառված տանկերը հանձնեցին Իրանին և «վերլուծություն» պատրաստեցին այդ թեմայով: «Ռուսաստանն ամրապնդվում է Թուրքիայի և Իրանի սպառազինությունների շուկաներում: Թուրքիայի հետ C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանավորվածությանը զուգահեռ Ռուսաստանը պայմանագիր է կնքում Իրանի հետ ռուսական Т-90 տանկեր մատակարարելու վերաբերյալ», — գրում է լրատվականը` կրկին որպես աղբյուր վկայակոչելով «Իզվեստիա»-ն:
Նման շփոթության պատճառ կարող էր դառնալ երկու երկրների անվանումների նմանությունը, ինչպես նաև, հանգամանքի չիմացությունը, որ 2016 թվականի գարնանն Իրանը հրաժարվել է ռուսական T-90 ձեռք բերելու իր ցանկությունից` երկրի կարիքները սեփական արտադրության սպառազինությամբ բավարերլու նպատակով:
Այս խառնաշփոթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական լրատվամիջոցներում չեն սիրում սկզբնաղբյուրներից օգտվել և հաճախ պարզապես տարածում են մեկը մյուսի անփույթ աշխատանքը և նույնիսկ վերլուծություններ գրում իրենց կողմից չճշտված նորությունների մասին։