Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը news.am լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է, որ պետական ապարատում 2021 թվականին նախատեսվում է պարգևավճարները 18․5 միլիարդ դրամով ավելացնել։
Ըստ Մարգարյանի՝ 2021 թվականի բյուջեով պետական ապարատի պահպանման ծախսերը ավելացել են 8.8 տոկոսով, մինչդեռ ռազմական ծախսերը նախատեսվում է ավելացնել միայն 1.3 տոկոսով։ Տնտեսագետը նաև պնդել է, որ ընդհանուր կառուցվածքում ռազմական ծախսերը կազմում են 16.2 տոկոս, պետական ապարատի պահպանման ծախսերը՝ շուրջ 360 մլրդ դրամ (մոտ 20%)։
Հոդվածը վերահրապարակվել է armday.am և lurerinfo.am կայքերի կողմից։
«Փաստերի ստուգման հարթակը», սակայն, պարզեց, որ Մարգարյանի ներկայացրած թվերից որոշները չեն արտացոլում բյուջեի իրական թվերը։
Պետական մարմինների պահպանման ծախսեր
Ըստ 2021 թվականի բյուջեի նախագծի, որը դեկտեմբերի 10-ին հաստատեց Ազգային ժողովը, պետական մարմինների պահպանման ծախսերը 2020-ի համեմատ աճել են ոչ թե 8.8 տոկոսով, այլ ընդամենը 2 տոկոսով՝ 128.2 մլրդ դրամից դառնալով 130.8 մլրդ։
Անհասկանալի է, թե որտեղից է գալիս Մարգարյանի նշած շուրջ 360 մլրդ դրամը։
Ռազմական ծախսեր
2020-ի համեմատ 2021-ի բյուջեով ռազմական ծախսերը ավելացել են 1.1 տոկոսով, որը մոտ է Մարգարյանի նշած 1.3 տոկոսին։ Ընդհանուր պաշպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.4 տոկոսով՝ 308 մլրդ դրամից հասնելով 312 մլրդ դրամի։
Մարգարյանի պնդումը, որ ռազմական ծախսերը կազմում են ընդհանուր ծախսերի մոտ 16.6 տոկոսը, մոտ է իրականությանը։ Բյուջեի ծախսերը 2021-ին, ըստ նախագծի, պետք է կազմեն 1,843.1 մլրդ դրամ, որում ռազմական ծախսերը (306.3 մլրդ դրամ) կազմում են մոտ 15.4 տոկոսը։ 2020-ին ռազմական ծախսերը (302.9 մլրդ) կազմում էին ընդհանուրի (1,855.7 մլրդ) մոտ 16.3 տոկոսը։
Պարգևավճարներ
Ըստ 2021-ի բյուջեի նախագծի, պարգևատրումները, դրամական խրախուսումները և հատուկ վճարները կազմելու են 18.8 մլրդ դրամ՝ 2020-ի 15.5 մլրդ դրամի համեմատ։ Աճը կազմել է 21.7 տոկոս և ավելացել է 3.36 մլրդ դրամով, այլ ոչ թե, ինչպես պնդում է Մարգարյանը, 18.5 մլրդ դրամով։ Այսինքն, Մարգարյանի նշած գումարը ոչ թե աճի քանակն է, այլ հենց պարգևավճարների ամբողջ գումարը։
Այսպիսով, Մարգարյանի պնդումները՝ պարգևավճարների աճի և պետական մարմինների պահպանման ծախսերի մասին, սխալ են, իսկ ռազմական ծախսերի մասին՝ ճիշտ։
Լրացում. Նյութի հրապարակումից հետո Fip.am-ի հետ կապվեց Ատոմ Մարգարյանը և նշեց. «News.am-ի լրագրողը տեքստը սղագրել է՝ խախտելով ճշգրտությունը, առանց համոզվելու, թե որ թիվը ինչին է վերաբերում։ Բնականաբար, այդ ամենը ուղղվել է ու հրապարակումը նոր խմբագրությամբ տեղադրված է իրենց կայքում»։
Հովհաննես Նազարեթյան