Տելեգրամյան Infoteka24 ալիքը դեկտեմբերի 8-ին գրել էր, որ ադրբեջանցիները Կարմիր խաչի ուղեկցությամբ եղել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում՝ իրենց զոհված զինծառայողների դիերը տանելու համար։
«Դավիթ Բեկ գյուղում թշնամական դիակների առկայությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ադրբեջանա-թուրքա-ջիհադիստական ջոկատները հարձակում են գործել ՀՀ տարածքի վրա»,- գրել էր ալիքը։
Այս հրապարակումը տարածվել էր նաև հայկական լրատվականների կողմից, և «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչ դեպքի մասին է խոսքը և արդյո՞ք այդ լուրը համապատասխանում է իրականությանը։
Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը Fip.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պատերազմի օրերին մարտեր եղել են գյուղի սահմանին, իսկ ադրբեջանցիներն իրենց զոհված զինվորների դիերը տարել էին դեռ հոկտեմբերի 29-ին և 30-ին։
Դեկտեմբերի 8-ին արդեն Կարմիր Խաչի և Հայաստանի ՊՆ ներկայացուցիչների հետ գյուղի տարածք են եկել Ադրբեջանի մի քանի ներկայացուցիչներ՝ զոհված մեկ զինծառայողի դի գտնելու համար։
«Իրենց խոսքից հասկացանք, որ մի հոգու չեն գտել, եկել էին փնտրելու։ Չեն գտել, հաջորդ անգամ արդեն գալու են իրենց սահման՝ առանց մեր կողմ անցնելու»,- հայտնեց Պողոսյանը։
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում գյուղն իսկապես եղել է ադրբեջանական ուժերի թիրախում, սակայն մարտեր, ըստ համայնքապետի, եղել են գյուղի սահմանային գոտում միայն։
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղին պատկանող 300 հա հող է հանձնվել Ադրբեջանին։ Համայնքապետը Fip.am-ի հետ զրույցում հերքել էր այս տեղեկությունները։
Անի Ավետիսյան