Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին ուղերձ էր հղել՝ մանրամասներ հայտնելով Արցախում պատերազմի ընթացքում և դրան նախորդած դեպքերի վերաբերյալ:
Հայտարարությունը մանիպուլացվել է մամուլում և սոցցանցերի բազմաթիվ օգտատերերի կողմից: Այն հաճախ ներկայացվում է կրճատ՝ աղավաղելով Օնիկ Գասպարյանի ուղերձի ամբողջական համատեքստը:
Ինչպես է աղավաղվում Օնիկ Գասպարյանի ուղերձը
Այսպես, նախկին հանրապետական պատգամավոր Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Օնիկ Գասպարյանի ուղերձին՝ մեջբերելով միայն մեկ նախադասություն. «Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ պատերազմի 4-րդ օրը դիմել է վարչապետին պատերազմը կանգնեցնելու հարցով: Միքայել Մինասյանը հրապարակեց, որ պատերազմի ընթացքում վարչապետ կոչվածին պատերազմը կանգնեցնելու տարբերակներ են առաջարկվել․․․»:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ հրապարակել է Օնիկ Գասպարյանի ուղերձի մի նախադասությունով լուսանկար, որը, սակայն, ևս խեղաթյուրում և ամբողջությամբ չի ներկայացնում ԳՇ պետի միտքը։
Ի՞նչ էր ասել իրականում Գլխավոր շտաբի պետը
Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իր ուղերձում նշել է․ «Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»:
Այնուհետև ԳՇ պետը ավելացրել է․ «Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են, և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ»:
Այսինքն՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պնդել է, որ ինքը պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ խոսել է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ պատերազմը որոշակի փուլում դադարեցնելու փորձեր կատարվել են, սակայն դրանք մերժվել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:
Այսպիսով, մամուլում և սոցցանցերում Օնիկ Գասպարյանի ուղերձը աղավաղել են՝ կրճատ ներկայացնելով նրա այն միտքը, թե պատերազմի չորրորդ օրը նա բարձրաձայնել է պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին, սակայն չնշելով, որ Գլխավոր շտաբի պետն ասել է նաև, որ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, սակայն դրանք չեն ընդունվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:
Լուսինե Ոսկանյան