«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Իվետա Տոնոյանը նոյեմբերի 16-ին Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքում ելույթ ունենալիս հայտարարել է, որ նոյեմբերի 13-ին Կիևյան կամրջի տակ հայտնաբերված Գառնիկ Պետրոսյանին սպանել են։
«Քո վրեժի կոչերից հետո դեռ չի սառել սպանված Գառնիկ Պետրոսյանի դին, որին պարզապես սպանել են Ազգային ժողովի դահլիճ մտնելու ու Արարատ Միրզոյանի աթոռին նստելու համար»,- հայտարարել է Իվետա Տոնոյանը։
Պատգամավորի խոսքը տարածել մի շարք լրատվականներ՝ Hraparak.am-ը, Aravot.am-ը, և այլն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Հրազդանի կիրճում հայտնաբերվել էր 27-ամյա Գառնիկ Պետրոսյանի դին։ Վերջինս նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի դահլիճ մտած անձանցից մեկն էր։ Նշենք, որ ոստիկանությունից նույն օրը հայտնել էին, որ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ՝ արդյո՞ք գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել և արդյո՞ք Տոնոյանի՝ սպանության մասին հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։
Քննչական կոմիտեից Fip.am-ին տեղեկացրեցին, որ նոյեմբերի 14-ին երիտասարդի մահվան կապակցությամբ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն։
Նշենք, որ ինքնասպանության հոդվածն առանձին է սպանության հոդվածից (104):
Փաստացի, քանի որ ընթանում է նախաքննություն, այս փուլում որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ պայմաններում է եղել ինքնասպանությունը։ Եվ Իվետա Տոնոյանի հայտարարությունը՝ երիտասարդի սպանված լինելու վերաբերյալ, չունի հիմքեր (եթե, իհարկե, պատգամավորն իրավապահ մարմիններից զատ այլ տեղեկություններ չունի) և մանիպուլյատիվ է։
Սևադա Ղազարյան