Թեև հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ երկարատև բանակցություններից հետո ձեռք էր բերվել համաձայնություն հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից Արցախյան պատերազմի գոտում հրադադարի ռեժիմ հաստատելու մասին, սակայն ադրբեջանական հետախուզադիվերսիոն խումբը հոկտեմբերի 10-ին հարձակում էր գործել Արցախի Հադրութ քաղաքի վրա:
«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները հրադադարի ռեժիմի՝ ուժի մտնելուց հետո ուղևորվել էին Հադրութ՝ քաղաքում իրավիճակը հասկանելու համար: Սակայն դիվերսիոն խմբերի ներթափանցումից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, քաղաք մուտք չգործեցին:
Հադրութի մատույցների մոտ առավել բարձրադիր վայրից քաղաքում նշմարվում էին այրվող տներ, որոնք, ամենայն հավանականությամբ, հրկիզվել էին դիվերսիոն խմբի կողմից: Հրկիզումներից մեկը սկսվել էր մեր աչքի առաջ․ հրդեհին որևէ պայթյուն չէր նախորդել: Քաղաքի ներսից անընդհատ լսվում էին կրակահերթի ձայներ: Ներսում առկա խաղաղ բնակչության թվաքանակի մասին պաշտոնական տեղեկատվություն չկար, սակայն Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ավելի ուշ հայտնել էր, որ իրենց տեղեկություններով՝ դիվերսիոն խմբի անդամները տանը սպանել էին երկու բնակչի՝ մորը և հաշմանդամություն ունեցող երեխային:
Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ ադրբեջանական ուժերը մտել են Հադրութ քաղաք: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը և մի շարք այլ ռուս լրագրողներ, որոնք Ալիևի հայտարարության պահին Հադրութ քաղաքում էին, հերքել էին լուրը՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը: Դիվերսիոն խումբը, փաստացի, Հադրութ էր ներթափանցել Ալիևի հայտարարությունից մեկ օր անց:
Նշենք, որ սկսած սեպտեմբերի 27-ից՝ Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծում է Հադրութը: «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները Հադրութ էին այցելել նաև պատերազմի առաջին օրերին՝ հոկտեմբերի 4-ին, և արձանագրել էին, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ օգտագործել է միջազգային կոնվենցիայով արգելված կասետային հրթիռներ:
Հ․Գ․ Նկարների հրապարակումը համաձայնեցված է ՊՆ հետ։
Անի Գրիգորյան