Շուշի քաղաքն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, երկու անգամ հրթիռակոծության է ենթարկվել Ադրբեջանի զինուժի կողմից։
Ինչպես Շուշիից հայտնում է Fip.am-ի լրագրողը, ադրբեջանական կողմի առաջին հարվածները հասցվել են Շուշիի խորհրդանիշ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն։ Եկեղեցին, որը 90-ականների պատերազմից հետո վերականգնվել էր, այսօրվա հրթիռակոծությունից լուրջ վնասներ է կրել։
Եկեղեցու ապաստարանում են գտնվել երեխաներ և կանայք, որոնք, բարեբախտաբար, չեն տուժել:
Սուրբ Ղազանչեցոցին հասցված երկրորդ հարվածի հետևանքով, սակայն, եղել են տուժածներ, այդ թվում՝ նաև հակամարտությունը լուսաբանող լրագրողներ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից՝ պատերազմական գործողությունները սկսելուց անմիջապես հետո, թիրախավորել էր Արցախի խաղաղ բնակչությանը՝ կրակի տակ պահելով ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ Արցախի Հադրութ, Մարտունի, Մարտակերտ քաղաքները և այլ բնակավայրեր։
Հոկտեմբերի 4-ից պարբերաբար ադրբեջանական զինուժը թիրախավորել է նաև Շուշին, որն Արցախի հոգևոր ու մշակութային կենտրոնն է։
Ամենաուժգին հարվածներից մեկը հասցվել է քաղաքի մշակույթի տանը, որը հիմնովին վերանորոգվել էր 2017-ին։ Այսօր արդեն այն գրեթե փլատակների է վերածվել։
Շուշիին հասցված առաջին հրթիռակոծության ժամանակ մահացել էր մեկ քաղաքացի։
Առաջին հարվածից օրեր անց Ադրբեջանը հերթական հրթիռներն էր բաց թողել Շուշիի ուղղությամբ։ Սմերչի հրթիռներ են հայտնաբերվել մշակույթի տան հարակից տարածքում։
Փաստացի, Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում է նաև քաղաքի հոգևոր ու մշակութային օբյեկտները։ Քաղաքով շրջելիս կարելի է տեսնել Սմերչի հրթիռներ տարբեր վայրերում։ Օրինակ՝ այս մեկը բնակելի շենքից ընդամենը 100 մետրի վրա էր։
Սմերչի մեկ այլ հրթիռ էլ ընկել էր Բաղյանների առանձնատան բակում, բարեբախտաբար՝ տանը որևէ մեկը չէր եղել։ Թաքստոցներից տուն վերադառնալով՝ ընտանիքի անդամները տան բակում հայտնաբերել էին հրթիռը։
Ադրբեջանի թիրախում է հայտնվել նաև Շուշիի հիվանդանոցը, որին մոտ ընկած հրթիռի հարվածից գրեթե ամբողջությամբ վնասվել են լուսամուտները։
Ադրբեջանի կողմից իրականացված հրետակոծության հետևանքները Շուշի քաղաքում ամենուր են նկատելի՝ փլված շենքեր և կառույցներ։ Քաղաքը, որտեղ որևէ ռազմական օբյեկտ չկա, անընդհատ թիրախի տակ է։ Խաղաղ բնակչությունը հրթիռների արկերից պատսպարվել է ապաստարաններում։
Անի Գրիգորյան