Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի նկարահանած «Հարցազրույց Պուտինի հետ» հեռուստասերիալում ՌԴ նախագահը ներկայացրել է «բացառիկ» տեսանյութ, որտեղ ըստ նրա ներկայացված է ռուսական ավիացիայի գործողությունները Սիրիայում։
Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել որոշ ԶԼՄ-ների շրջանում։ Բանն այն է, որ Պուտինի ցուցադրածը ոչ թե Սիրիայում ռուսական օդուժի «փայլուն» աշխատանքն է, այլ Աֆղանստանում ամերիկյան AH-64E «Apache» ուղղաթիռով թալիբների դեմ իրականացրած գործողություն։ Դա փաստող տեսանյութը հրապարակված է 2012 թվականին military.com կայքում։
Համացանցում, սակայն, առկա է նույն տեսանյութը ռուսերեն լեզվով (հավանաբար հենց այդ տարբերակն է Պուտինը ցույց տվել Սթոունին)։ Տեսանյութից հանվել են ամերիկացի օդաչուների ձայները և փոխարենը կցվել է ուկրաինական օդաչուների խոսակցության ձայնագրությունը Դոնեցկի շրջանում գործողություններ կատարելիս։ Մաթեմատիկորեն ասած, ստացվել է զավեշտալի իրավիճակ․ ԱՄՆ գործողություն Աֆղանստանում + Ուկրաինայի գործողություն Դոնեցկում = ՌԴ գործողություն Սիրիայում։
Հատկանշական է, որ Կրեմլին ենթակա կայքերը շարունակում են, անտեսելով ներկայացված ապացույցները, պնդել, որ տեսանյութը ռուսական է։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը իր հերթին ևս շտապել է հայտարարել, որ վերոնշյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։