ՀՀ արտաքին գործերի նախարար ն.գ. պարոն Էդվարդ Նալբանդյանը հունիսի 19-ին Լյուքսեմբուրգում մասնակցեց ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը: Այս հանդիպման շրջանակներում ունեցած իր ելույթում նա նշել էր. «Ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, որ հիմնարար ազատությունները հարգվել են, և դրանց արդյունքներն արտացոլում են բնակչության կամքը»:
Այդուհանդերձ, ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների մասնակցության համար հայկական իշխանությունների կողմից անհիմն խոչընդոտներ էին ստեղծվել: Մասնավորապես, ԵԱՀԿ դիտորդական առաքելության հրապարակած եզրահանգումներում նշվում է․ «միջազգային ՀԿ-ներին հրաժարվել են ուղարկել ընտրությունները դիտարկելու հրավերներ, ինչը հակասում է ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորություններին»: Ավելին՝ որոշ միջազգային ՀԿ-ներ դատապարտել էին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը իրենց պաշտոնական հրավեր չտրամադրելու համար, ինչպես, օրինակ, Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցը (ENEMO), որը խստորեն քննադատել էր ԿԸՀ-ի պատասխանը իր ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու դիմումին: Իսկ ահա ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE)` արժանանալով նույն մոտեցմանը, ստիպված եղավ ընտրական տեղամասեր գնալու «Իրազեկ քաղաքացիների միավորման» ArmRusInfo լրատվական կայքի վկայականներով: ԿԸՀ-ն իր մոտեցումը պատճառաբանել էր ընտրատեղամասերում «խցանման» առաջացման հավանականությամբ: ԿԸՀ-ն նաև նշել էր, որ միջազգային այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, ԵԽԽՎ-ն, Եվրոպական խորհրդարանը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, արդեն հրավիրված են դիտորդություն իրականացնելու՝ նշելով, որ «լրացուցիչ դիտորդական առաքելություններ հրավիրելու կարիք չկա»:
Մյուս կողմից էլ, թեև միջազգային դիտորդները նշել էին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված և հիմնարար ազատությունները հիմնականում պահպանվել էին, սակայն նրանք նաև հայտարարել էին, որ ԱԺ ընտրություններն արատավորվեցին ընտրակաշառքների, պետական ոլորտի և մասնավոր հիմնարկությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկություններով: Նմանօրինակ եզրահանգումը նույն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների ստանդարտներով զգալիորեն խիստ գնահատական է:
Հետևաբար, պարոն Նալբանդյանի վերոնշյալ հայտարարությունն այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, միակողմանի է և կտրված է կոնտեքստից: