Օգոստոսի 28-ին՝ Սարդարապատում հուլիսյան մարտերի հերոսների պարգևատրման արարողության ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր տեղի ունեցած մարտական գործողություններին և հայտարարել, որ դրանց ընթացքում հայկական կողմը զոհեր չէր գրանցել։
«Շատերը գուցե չգիտեն, գուցե ուշադրություն չեն դարձրել, բայց հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում արձանագրվել է բացառիկ մի իրավիճակ, երբ մարտական գործողությունների ընթացքում սահմանապահ մարտական դիրքերում մենք ոչ մի զոհ չենք ունեցել, ունեցել ենք միայն մեկ թեթև վիրավոր այն դեպքում, երբ այժմ արդեն հանրահռչակ «Անվախ» դիրքը և հարակից բոլոր դիրքերը եղել են ամենածանր հրետակոծությունների, հատուկ պատրաստությամբ հատուկջոկատայինների զանգվածային հարձակումների թիրախում»,- մասնավորապես, նշել էր Փաշինյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ, թե ի՞նչ հանգամանքներում են զոհվել հայ զինծառայողները հուլիսյան մարտական գործողություների ընթացքում։
Հուլիսյան մարտերի ժամանակ հայկական և ադրբեջանական կողմերի կորուստները
Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձեր էին արել։
Պաշտպանության նախարարությունից հաղորդել էին, որ ադրբեջանցիների բոլոր փորձերը չեզոքացվել են՝ առանց հայկական կողմում զոհերի կամ վիրավորների։
Ադրբեջանական կողմն այդ օրը հայտնել էր 3 զոհի և 4 վիրավորի մասին։
Դրանից հետո՝ մինչ հուլիսի 21-ը, հակառակորդը պարբերաբար վերսկսել էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ՝ փորձելով «Անվախ» անունը ստացած դիրքի նկատմամբ վերահսկողություն ունենալ, սակայն հարձակման բոլոր փորձերը ձախողվել էին։
Մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցել է 4 զոհ՝ երկու սպա` մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը, և երկու ժամկետային զինծառայող՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։ Ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Մուրադյանը մահացել էր ավելի ուշ՝ հուլիսի 14-ին ստացած վիրավորումից։
Հուլիսի 27-ին ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից նույն հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում զոհվել էր նաև ԶՈՒ պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը։
Հայկական կողմից թեթև վիրավում էին ստացել 36 զինծառայողներ։
Ադրբեջանական կողմը պաշտոնապես ընդունել էր միայն 12 զինծառայողի մահը, որոնց թվում` Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզաևը, միջին սպայական կազմի զինծառայողներ։
Ի՞նչ հանգամանքներում են զոհվել հայ զինծառայողները
Ի պատասխան Fip.am-ի գրավոր հարցման, թե Տավուշյան մարտերի ժամանակ զինծառայողներից յուրաքանչյուրն ի՞նչ հանգամանքներում է զոհվել, Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում տեղի ունեցած մարտերի ժամանակ ՀՀ զինված ուժերի 4 զինծառայողներ զոհվել են պետական սահմանից խորքն ընկած տարածքում՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման, իսկ 1 զինծառայող՝ հրետանային խորքային կրակային դիրքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված հեռահար արկի պայթյունի հետևանքով։
«Նշված բոլոր զինծառայողները զոհվել են ոչ սահմանապահ մարտական դիրքերում», — հստակեցվում է պատասխանում։
Նելլի Լազարյան