Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ՝ մամուլում և հանրության շրջանում քննարկումներ սկսվեցին աշակերտների՝ դիմակ կրելու պարտադրանքի և մյուս սահմանափակումների մասին: Շրջանառվում են ուսումնասիրություններ, ըստ որոնց՝ երեխաները կորոնավիրուսը ծանր չեն տանում ու վարակի ակտիվ տարածող չեն:
Նման քննարկումները սոցցանցերի հայկական տիրույթում հիմք դարձան դպրոցներում սոցիալական հեռավորության և դիմակ կրելու պահանջները վերացնելու կոչերի համար։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ուսումնասիրել այս թեմայով գիտական ուսումնասիրություններն ու այլ երկրների փորձը՝ հասկանալու, թե ի վերջո՝ որքանո՞վ են հիմնավորված դասերի ընթացքում աշակերտների դիմակ կրելու պահանջը և այդ որոշման քննադատությունները:
Ի՞նչ ուսումնասիրություն են տարածում Հայաստանում
Հունիսի վերջին ամերիկյան Bloomberg-ը հրապարակում էր տարածել՝ գրելով, որ դպրոցահասակ երեխաները կորոնավիրուս չեն տարածում: Կայքը հղում էր արել Փարիզի Պաստորի ինստիտուտին: Ուսումնասիրությունն արվել էր մոտ 1300 անձանց շրջանում:
Ըստ դրա՝ Փարիզին կից փոքր քաղաքում հայտնաբերվել են երեք հնարավոր դեպքեր, որոնցում վարակված դպրոցահասակ երեխաները կարող էին վարակել իրենց դասընկերներին և ուսուցիչներին, սակայն չէին վարակել:
Մինչ օրս հրապարակված ուսումնասիրությունների գերակշիռ մասում, սակայն, չի պահպանվում Փարիզի գիտնականների առաջ քաշած թեզը: Առանձին դեպքերով ևս պարզ է դառնում, որ թեև ոչ չափահասների նման, երեխաները, այնուամենայնիվ, ևս վարակվում են ու վարակում շրջապատին:
Երեխաները՝ կորոնավիրուսի վարակակիր և տարածո՞ղ
Կորոնավիրուսի տարածման առաջին շրջանից գիտական աղբյուրները գրում էին, որ երեխաները, ի տարբերություն չափահասների, ավելի քիչ են վարակվում կորոնավիրուսով և առավել թեթև տանում հիվանդությունը: Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի և այլ աղբյուրների՝ մինչ օրս պարզ չեն իրական պատճառները, և գիտությունը դեռ ամբողջությամբ չի հասկանում, թե ինչու են երեխաների մոտ նոր տիպի կորոնավիրուսի վարակի դեպքերը և հետևանքները տարբերվում մեծահասակներից:
Հարավային Կորեայում անցկացված մեծածավալ ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ մինչև 10 տարեկան երեխաները վարակը տարածում են ավելի քիչ, քան ավելի մեծ տարիքի երեխաները և մեծահասակները, սակայն նրանցից վարակվելու ռիսկ, այնուամենայնիվ, կա: 11 տարեկանից բարձր երեխաները վարակը տարածում են գրեթե նույն «ինտենսիվությամբ», ինչ չափահասները: Ուսումնասիրությունը կատարվել է ավելի քան 57 հազար անձանց՝ վարակակիրների և նրանց շփումների շրջանակում: Ըստ դրա՝ դպրոցների փակումը տարբեր շրջաններում զգալի նվազեցրել է վարակի տարածումը:
Հատկանշական է, որ սա համահունչ է ԱՀԿ ուղեցույցին, ըստ որի՝ դպրոցներում և հանրային մարդաշատ վայրերում մինչև հինգ տարեկան երեխաներին դիմակ կրելը հակացուցված է: Վեցից տասնմեկ տարեկան երեխաների՝ դիմակ կրելու պայմանները ԱՀԿ-ն առաջարկում է համադրել ըստ տվյալ երկրի պահանջների՝ կախված վարակի տարածման աստիճանից և այլ հանգամանքներից: Այսինքն՝ ԱՀԿ-ում ևս չի դիտարկվում հարցը, որ երեխաները կարող են վարակի տարածող չլինել:
ԱՀԿ-ի՝ ապրիլին հրապարակած զեկույցի համաձայն՝ Չինաստանում երեխաները մոտ 30 անգամ ավելի քիչ են վարակվում կորոնավիրուսով, քան միջին տարիքի մարդիկ: Եվ չնայած վարակի դեպքերի մեծ մասն անցնում է առանց սիմպտոմների, ծանր հետևանքները ևս բացառված չեն:
Վարակը չի անցել բոլոր երեխաների կողքով՝ առանց հետևանքների
Այս տարվա մայիսին Մեծ Բրիտանիայում գրանցվեց հազվադեպ հանդիպող Կավասակի սինդրոմի ախտանշաններին նման ախտանշաններով մոտ 100 դեպք: Մանկահասակ երեխաները, որոնց մոտ հայտնաբերվել էր սինդրոմը, վարակված էին եղել կորոնավիրուսով:
ԱՄՆ բժշկագիտության ազգային գրադարանի՝ օգոստոսին հրապարակած ուսումնասիրության համաձայն՝ այս ախտանշանները երևում են կորոնավիրուսով վարակված և առողջացած 1000 երեխայից մեկի մոտ: Գրանցվել են նաև մահվան դեպքեր:
Սրանից բացի, վարակվելու դեպքում երեխաների մոտ, որպես կանոն, ի հայտ չեն գալիս այն ախտանշանները, որոնք հատուկ են կորոնավիրուսին: Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի՝ կորոնավիրուսի հետ ասոցացվում է երեխաների և դեռահասների բազմահամակարգ բորբոքային ախտանիշ (Multisystem Inflammatory Syndrome in Children (MIS-C)): Այս համախտանիշի դեպքում երեխաների մոտ նկատվում է տենդ, հոգնածություն, որովայնի ցավ, փսխում, փորլուծություն և այլ ախտանիշներ: Հիվանդության բարդացման դեպքում երեխաների մոտ որովայնի և կրծքավանդակի ուժեղ ցավ է սկսվում, կապտում են դեմքը կամ շուրթերը:
Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ դպրոցականներից պահանջվում է դիմակ կրել
Օգոստոսի սկզբին Գերմանիայի կառավարությունը ևս որոշում կայացրեց նոր ուսումնական տարում բացել դպրոցները, սակայն աշակերտների համար դպրոցում դիմակ կրելը պարտադիր դարձնել: Ըստ գերմանական «Դոյչե Վելեի»՝ դաշնության տարածքում յուրաքանչյուր նահանգ ինքն է որոշում՝ ինչպես իրականացնել կրթությունը համավարակի պայմաններում, կանոնները կարող են տարբերվել անգամ դպրոցից դպրոց: Սակայն բոլոր դեպքերում, անկախ տարածաշրջանից և դրա կանոնադրությունից, դպրոցներում դիմակ կրելու և հակահամաճարակային մյուս՝ հիմնական կանոնների վերաբերյալ ցուցումները նույնն են: Նման որոշում են կայացրել նաև Հունաստանում: Երկրի իշխանությունները հավելյալ 6․2 մլն դոլար են հատկացրել ուսումնական հաստատություններն անհրաժեշտ պարագաներով ապահովելու համար:
Անի Ավետիսյան