Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Ջրային կոմիտեի աշխատակից, ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության խորհրդական Սասուն Միրոյանը Ֆեյսբուքում գրառում էր արել՝ հայտնելով, որ Սևանում ապամոնտաժվում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան տարածքում գտնվող այն շինությունները, որոնք տեղակայված են սահմանված նիշից (1903 մ-խմբ.) ներքև։
Միրոյանի գրառմանը Ֆեյսբուքում հակադարձեց նախկին ոստիկանապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ գրելով. «Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ.Գասպարյանի ամառանոցը: Ավելին՝ դժվար թե մեկը գար ու քանդեր: Հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Վ.Գասպարյանի ցուցումով՝ լողափի տարածքը բարեկարգելու համար»։
Ե՛վ Միրոյանի, և՛ Աթանեսյանի գրառումները տարածվեցին լրատվական կայքերում՝ aravot.am, armtimes.com, iravaban.net, a1plus.am, factor.am, news.am, 168.am, yerevan.today, antifake.am և այլն։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ի վերջո՝ ո՞վ և ու՞մ հրամանով է քանդում Գասպարյանի առանձնատան մի հատվածը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ Սևանի ափամերձ տարածքում 1905 մետրից ցածր գտնվող բոլոր շինությունները, որոնք ապօրինի են, ենթակա են քանդման։
«Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել էր Սևանի ափամերձ տարածում նախկին և ներկա պաշտոնյաների ապօրինի կառուցված շինություններին։ Վլադիմիր Գասպարյանի այս խոշոր առանձնատունը գրանցված է իր կնոջ մոր՝ Հեղուշ Գալստյանի անունով։ Առանձնատան կառուցումը սկսվել է դեռ 2004-ին, երբ Գասպարյանը ռազմական ոստիկանության պետ էր։
Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ «Սևան» ազգային պարկը 1901.5 նիշից ցածր հատվածներում գտնվող շենք-շինությունների սեփականատերերին ուղարկել է ծանուցումներ՝ զգուշացնելով, որ սահմանված ժամկետում պարտավոր են ապամոնտաժել կամ հեռացնել իրենց շենք-շինությունները՝ սեփական միջոցներով, հակառակ դեպքում դա կանի պետությունը և այդ աշխատանքների գումարը կգանձի սեփականատերերից։
«Ծանուցումների շրջանակներում, ամենայն հավանականությամբ, որոշ սեփականատերեր արդեն սկսել են իրենց շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները»,- ասաց մամուլի խոսնակը։
Այսինքն, Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանի ափին գտնվող խոշոր առանձնատան մի մասի ապամոնտաժումը հենց ինքը՝ Գասպարյանն է նախաձեռնել։
Ի դեպ, Աթանեսյանն իր գրառման մեջ նաև կոչ էր արել «Սևանի մասին արդի խոսացողներին» համեմատել իրենց և Գասպարյանի արածները Սևանի համար ու ամոթից լռել։ Հիշեցնենք, որ անցած տարի Fip.am-ը պարզել էր, որ Գասպարյանի զոքանչի անունով գրանցված «Գալիլիա» ՍՊԸ-ն զբաղվում է Սևանի սիգի պահածոյի արտադրությամբ այն դեպքում, որ Սևանա լճում սիգի որսն արգելված էր:
Հովհաննես Նազարեթյան