ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 15-ին իր ամենամյա «ուղիղ կապի» ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել՝ տարակուսանք մտցնելով փորձագետների շրջանում։ Դրանցից մեկը միջին աշխատավարձերի համեմատությունն էր Ռուսաստանում և Ուկրաինայում։
«Մի քանի տարի առաջ միջին աշխատավարձը մեզ մոտ կազմում էր 540 դոլար, Ուկրաինայում պատկերը գրեթե նույնն էր՝ 450-460 դոլար։ Այս տարի, սակայն, մեզ մոտ միջին աշխատավարձը աճել է՝ հասնելով 624 դոլարի, իսկ Ուկրաինայում նվազել՝ դառնալով 251 դոլար», — մասնավորապես ասել է Պուտինը։
Այլ կերպ ասած, Ուկրաինայում միջին աշխատավարձը նվազել է 44%-ով, մինչդեռ Ռուսաստանում այն 15,5 տոկոսանոց աճ է գրանցել։
Իրականում, սակայն, պատկերն այլ է։ Ռուսաստանում 540 դոլար միջին աշխատավարձ եղել է 2016 թվականին, մինչդեռ ուկրաինական 450 դոլար միջին աշխատավարձը 2013 թվականի տվյալ է։ Պուտինը պարզապես համեմատել է 2013 թվականի ուկրաինական և 2016 թվականի ռուսական միջին աշխատավարձերը և մեկնաբանել իրեն շահեկան ձևով։
Իրական պատկերը հետևյալն է։ Եթե համեմատենք ռուսական և ուկրաինական միջին աշխատավարձերի փոփոխությունը 2014-2017թթ. ընթացքում, ապա կտեսնենք, որ Ուկրաինայում այդ ժամանակահատվածում միջին աշխատավարձը անկում է կատարել 16,3%-ով՝ 300 դոլարից դառնալով 251 դոլար, մինչդեռ Ռուսաստանում միջին աշխատավարձը գահավիժել է 39%-ով՝ 998 դոլարից դառնալով 609 դոլար։
Ռուսական աշխատավարձերի անկման չափը պարզապես անհամեմատելի է ուկրաինականի հետ։ Հավանաբար սա է եղել պատճառը, որ «ուղիղ կապի» ընթացքում քաղաքացիների կողմից հիմնականում բարձրացվեց հենց ցածր աշխատավարձերի հարցը։
Մեկ այլ տարօրինակ հայտարարություն Պուտինն արել է երկրի դեմոգրաֆիական աճի մասին խոսելիս։ Ըստ նրա՝ Ռուսաստանի բնակչությունն աճում է այնպիսի տեմպերով, որոնք «առկա չեն անգամ եվրոպական երկրներում»։
Այս հայտարարությունը տարակուսանք է առաջացրել նույնիսկ Կրեմլին ենթակա ԶԼՄ-ների շրջանակում։ Օրինակ «Независимая газета»-ն այս տարվա մարտին գրել է, որ 2016 թվականի ընթացքում Ռուսաստանում ծնելիության մակարդակը աղետալի անկում է կատարել՝ սահմանելով վերջին 16 տարվա ռեկորդ: «РИА новости» կայքը ևս բարձրաձայնել է դեմոգրաֆիական խնդիրների մասին։ Ներկայացնելով պաշտոնական տվյալները՝ կայքը ահազենգել է, որ միայն 2017 թվականի առաջին եռամսյակի ընթացքում դեմոգրաֆիական բացարձակ աճը եղել է բացասական՝ բնակչությունը պակասել է 76․100 մարդով։
Նշենք, որ սա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին սուտը չէ։ Ավելի վաղ մենք անդրադարձել էինք Սիրիայի հարցում վերջինիս սուտ հայտարարություններին։