Վերջին շրջանում սոցցանցերում և լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է կառավարության կողմից ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի ընկերությունից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու հարցը։
Քննարկումներն ակտիվացել էին այն բանից հետո, երբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ պատվաստանյութի հաստատումից հետո Հայաստանը կարող է ձեռք բերել առաջին խմբաքանակները։ ««Մոդեռնայի» պատվաստանյութն ամենահավանական տարբերակներից մեկն է, որը կարող է ընդունվել որպես վերջնական պատվաստանյութ․․․»,- նշել էր Թորոսյանը:
Սոցիալական ցանցերում հաճախ են հանդիպում «Մոդեռնայի» պատվաստանյութի վերաբերյալ շահարկումներ։ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, մասնավորապես, նշել էր, որ պատվաստանյութը մահաբեր է, ավելին՝ ստորագրահավաք էր սկսել պարտադիր պատվաստումների դեմ։ Առաջարկ էր եղել պատվաստումների դեմ համաժողովրդական ճակատ ստեղծելու և այլ։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ մեջբերել էր ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու եղբորորդի Ռոբերտ Քենեդի Կրտսերի հայտարարությունները՝ «Մոդեռնայի» պատվաստանյութերի վտանգավոր ազդեցության մասին։
Հաշվի առնելով հանգամանքը, որ ընկերության կողմից ստեղծված պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլի արդյունքներն արդեն հրապարակվել են և բավական հիմնավոր տեղեկություններ են տալիս դրա ազդեցության վերաբերյալ, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց անդրադառնալ այս թեմայով շահարկումներին և որոշ մանրամասներ ներկայացնել պատվաստանյութի վերաբերյալ։
Ամերիկյան «Մոդեռնա» դեղագործական ընկերությունը, որի համահիմնադիրը Նուբար Աֆեյանն է, հիմնադրվել է 2010 թվականին։ Ընկերությունը մասնագիտացած է հենց դեղամիջոցների և պատվաստանյութերի ստեղծման ու մշակման գործում։
Պատվաստանյութի «մահաբեր» լինելու վարկածը հիմնավորված չէ
Կարծիքը, թե «Մոդեռնայի» պատվաստանյութը կարող է մարդկանց մահվան պատճառ դառնալ կամ որ ունի «սարսափելի»՝ 20 տոկոս վտանգավորություն, մանիպուլյացիա է։ Վտանգավորության 20 տոկոսի մասին խոսել էր Ռոբերտ Քենեդի Կրտսերը։ Նա, մասնավորապես, նշել էր, որ «եթե տվյալ պատվաստանյութը ներարկվի մոլորակի բոլոր բնակիչներին, ապա այն մահացու հիվանդություններ կառաջացնի 1.5 միլիարդ մարդու մոտ»։
Իրականությունն այն է, որ փորձարկման առաջին փուլում փորձարկված և բարձր դոզա ստացած 15 կամավորներից երեքի մոտ են բարդություններ առաջացել։ Ցածր դոզայի դեպքում որևէ բարդություն չի առաջացել։ Ըստ «Մոդեռնա» ընկերության կայքում հրապարակված զեկույցի, որին էլ հղում է տալիս Քենեդին, այդ բարդությունների հաղթահարման համար հնարավոր է բժշկական միջամտության անհրաժեշտություն լինի, սակայն կյանքի համար վտանգ դա չի առաջացնի։
Պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին մասնակցած մարդկանցից մի քանիսը ևս պատմել են իրենց փորձառության մասին. առաջին օրերին նրանցից մեկի մոտ ձեռքի շրջանում ցավ էր առաջացել։
Զեկույցում նշվում է նաև, որ փոքր դոզաները ևս արդյունավետ են եղել վարակված կենդանիների օրգանիզմից կորոնավիրուսը հեռացնելու գործում։
«Մոդեռնայի» փորձարկումների երկրորդ փուլի արդյունքները խոստումնալից են եղել
Վերջերս ամերիկյան ընկերությունը հրապարակեց փորձարկումների երկրորդ փուլի արդյունքները։ Դրանք փաստում են, որ պատվաստանյութը իմունիտետ է առաջացրել փորձարկված անձանց մոտ։ Ի դեպ, երկրորդ փուլում չի փորձարկվել բարձր՝ 250 մկգ դոզայով պատվաստանյութը։ Պատվաստանյութի արտադրությունը կարող է սկսվել 3-րդ փուլի հաջող ավարտից հետո։ Վակցինացված անձանց մոտ կորոնավիրուսի դեմ ձեռք բերած իմունիտետը ստուգվելու է նաև պատվաստվելուց մեկ տարի անց։
Նշենք նաև, որ ցանկացած պատվաստանյութի դեպքում կողմնակի հետևանքների և դրանց պատճառով մահացության ցուցանիշը հստակ հաշվարկել հնարավոր չէ։ Պատճառներից մեկն այն է, որ վիրուսն ազդում է իմունային համակարգի վրա, իսկ դրա վերականգնումը տարբեր բարդություն և հետևանքներ կարող է ունենալ տարբեր տարիք և առողջական վիճակ ունեցող մարդկանց դեպքում։
Հայաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը հայտնել է, որ պատվաստանյութի ձեռքբերման դեպքում այն պարտադիր չի լինի բոլորի համար։ Ուշադրության կենտրոնում լինելու են ռիսկային խմբերը։
Ռոբերտ Քենեդի Կրտսերը դեմ է բոլոր տեսակի պատվաստումներին
Ռոբերտ Քենեդին, որի հայտարարությունները Հայաստանում մեծ տարածում են գտնում, Միացյալ Նահանգներում հայտնի է որպես հակապատվաստումային շարժման առաջնորդ և ապատեղեկատվությունների հիմանական տարածող։ Այս նպատակի համար վերջինս օգտագործում է իր ստեղծած մի քանի կառույցները։ Դրանցից մեկը «Երեխաների առողջության պահպանման կենտրոնն» է, որտեղ էլ հիմնականում հրապարակվում են Քենեդու պրովոկացիոն մտքերը՝ պատվաստանյութերի և, առհասարակ, կորոնավիրուսի վերաբերյալ։
Նշենք, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ներկա պահին կա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 140 տեսակ՝ փորձարկման տարբեր փուլերում։ Դրանցից 13-ն արդեն փորձարկվում են մարդկանց վրա։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ «Մոդեռնա» ընկերության կողմից ստեղծված պատվաստանյութի ձախողման կամ դրա վտանգավոր լինելու մասին հայտարարությունները մանիպուլյատիվ են, նենգափոխված և չունեն գիտական հիմնավորում։
Անի Ավետիսյան