Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հունիսի 23-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում հայտարարել է, որ երբեք չի կարելի համեմատել այն, ինչ 2015 թվականին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու ՀՀԿ-ի միջև, և այն, ինչ կատարվում է ԲՀԿ-ի շուրջ այսօր:
«Նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ մենք ունեցել ենք համագործակցության շատ ու շատ ընդհանրություններ, և եղել են նաև կենսական նշանակության խնդիրներ, որտեղ որ այդ ճանապարհները բաժանվել են, բայց երբեք ու երբեք Հանրապետականը ցուցադրական և դեմոնստրատիվ կերպով ընդդիմության նկատմամբ ոտնահարումներ, պատգամավորների, աջակիցների նկատմամբ նման վերաբերմունք… (չի կիրառել)»,- ասել է Զաքարյանը:
«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է վերհիշել 2015 թվականին տեղի ունեցած ՀՀԿ-ԲՀԿ հրապարակային առճակատումը, որի հետևանքով ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին:
ԲՀԿ-ն՝ համոզված ընդդիմադիրների շարքում
2014 թվականին ԲՀԿ-ն դաշինք էր կազմել ոչ իշխանական ուժերի՝ «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի հետ: Նրանք դեմ էին արտահայտվում սահմանադրական փոփոխություններին՝ այդ գործընթացը որակելով որպես ՀՀԿ-ի կողմից «իշխանության վերարտադրման փորձ»:
2015 թվականի փետրվարի 5-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Աբովյանում հրավիրված քաղաքական խորհրդաժողովում հայտարարեց, որ Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նոր մարդկանցից:
«Մենք պետք է լրջորեն պատրաստվենք ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորմանը»,- հայտարարել էր Ծառուկյանը։
Օրեր անց՝ ծեծի ենթարկվեց ԲՀԿ անդամ, «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ հանդես եկող ակտիվիստ Արտակ Խաչատրյանը: Այդ միջադեպից հետո ԲՀԿ-ն հայտարարություն տարածեց՝ կատարվածի մեջ մեղադրելով երկրի քաղաքական իշխանությանը:
Սրան հետևեց ՀՀԿ վերնախավի կողմից ԲՀԿ-ականների նկատմամբ սպառնալիքների շարքը, որի գագաթնակետը եղավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում:
Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը Գագիկ Ծառուկյանի մասին
2015 թվականի փետրվարի 12-ին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդես եկավ լայնածավալ ելույթով՝ ԲՀԿ-ի և, մասնավորապես, նրա ղեկավարի մասին ստորացուցիչ գնահատականներ տալով և անձնական վիրավորանքներ հասցնելով:
Սարգսյանի խոսքով՝ զավեշտալի էր, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի: «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք»,- հայտարարեց Սարգսյանը:
Գործող նախագահը հրապարակային ելույթում չէր խորշել նաև իր քաղաքական հակառակորդին պիտակավորելուց և նվաստացնող որակումներ տալուց:
«…Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը:…»,- նշել էր Սերժ Սարգսյանը:
Ելույթի վերջում արդեն ՀՀԿ-առաջնորդը խոսել էր այն քայլերից, որոնք պետք էր ձեռնարկել Ծառուկյանին քաղաքական դաշտից վերջնականապես հեռացնելու համար: Մասնավորապես, Ծառուկյանն ազատվում էր Ազգային անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից, որում նշանակվել էր հենց Սերժ Սարգսյանի հրամանով, խորհրդարանում սկսվում էր Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց, հարկային մարմինները ստուգումներ էին սկսում Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում, ստուգվելու էր Ծառուկյանի առնչությունը բազմաթիվ քրեական հանցագործությունների հետ։
Իր այս ելույթով գործող նախագահը, փաստացի, չէր էլ թաքցնում, որ այդ պահի դրությամբ ընդդիմադիր ամենախոշոր ուժի ղեկավարի դեմ քայլերն ունեին քաղաքական պատճառ, այն է՝ իշխանափոխության պահանջը Աբովյանում տեղի ունեցած ելույթի ժամանակ:
ՀՀԿ-ականները հետևում են իրենց առաջնորդի օրինակին
Թե՛ ՀՀԿ նույն նիստին, թե՛ օրեր անց բազմաթիվ հարցազրույցների ընթացքում իշխող կուսակցության անդամները շարունակեցին Ծառուկյանի դեմ նույն հռետորաբանությունը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նաև Ծառուկյանի խնամին է, ԳՄ նիստի ընթացքում խոստացավ վարչական լծակներ օգտագործել իրավիճակը լուծելու համար. «Այն մարդիկ, ովքեր առաջին մեկ, երկու, երեք անգամ ասելուց հետո չեն ընկալում, մենք մի քանի անգամ պետք է ասենք ու մի հատ էլ բամփենք… »։
Նույն նիստի ընթացքում այն ժամանակվա կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ իրենք են «տարիներ շարունակ «Դոդի Գագոյին» վերածել պարոն Ծառուկյանի» և հիմա հակառակ պրոցեսը պետք է իրականացնեն:
Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից
Հաջորդող օրերին, ըստ մամուլի հրապարակումների, մոտ 25 ԲՀԿ-ականներ բերման ենթարկվեցին։ Լայնածավալ ստուգումներ սկսվեցին Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում։
Ի պատասխան՝ փետրվարի 13-ին Ծառուկյանը կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ժամանակ կոչ արեց անդադար բողոքի ակցիաներ անցկացնել՝ արտահերթ ընտրությունների հասնելու համար: Փետրվարի 20-ին հանրահավաք նշանակվեց։
Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո՝ փետրվարի 17-ին, որից հետո ԲՀԿ-ն հայտարարություն տարածեց նախատեսված հանրահավաքը չեղարկելու մասին:
Մարտի 5-ին ԲՀԿ արտահերթ համագումարում Գագիկ Ծառուկյանը հայտնեց ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Նա վայր դրեց կուսակցության նախագահի ու խմբակցության ղեկավարի լիազորությունները:
Փաստացի, Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված պայքարը ընթացավ ոչ թե քաղաքական բանավեճերով, այլ համատարած վիրավորանքներով և սպառնալիքներով: ՀՀԿ-ականների ելույթները և հարցազրույցները լուսաբանվեցին ու տարածվեցին բոլոր խոշոր հեռուստաալիքներով և լրատվական կայքերով: Ի վերջո, Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, իսկ ի սկզբանե Սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող ԲՀԿ-ն կողմ արտահայտվեց դրանց։
Այսպիսով, Արտակ Զաքարյանի պնդումը, թե ՀՀԿ-ն երբեք ցուցադրական կերպով ընդդիմության նկատմամբ ոտնահարումներ չի արել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ 2015 թվականին կուսակցության առաջին դեմքի մակարդակով քաղաքական արշավ էր սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ, որի արդյունքում վերջինս ժամանակավորապես հեռացավ քաղաքականությունից:
Լուսինե Ոսկանյան