Ուղիղ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 22-ին, ժամը 00։40-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցավ ողբերգական պատահար: Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում «Նիսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենների, ինչի հետևանքով դրանցից մեկի սրահում գտնվող երեք անձ մահացել էին:
Ըստ ոստիկանության՝ ականատեսների վկայությամբ «Նիսան Պատրուլ» մակնիշի մեքենայի վարորդ Արման Բաղդասարյանը խաչմերուկ էր մտել լուսաֆորի արգելող «կարմիր» լույսի տակ, իսկ վթարից հետո դիմել փախուստի:
Դեպքից մեկ շաբաթ անց ոստիկանությունը Youtube-ում հրապարակեց այս վթարի մասին պատմող տեսանյութ, որում ավագ օպերլիազոր Անդրանիկ Եսայանը, խոսելով փախուստի դիմած վարորդի մասին՝ նշում էր․ «պարզեցինք, որ նա անցել է պետական սահմանը, Արման Բաղդասարյանին հայտնաբերեցինք Վրաստանի Հանրապետությունում և կասկածանքով բերման ենթարկեցինք Ոստիկանության Մաշտոցի բաժին»:
Ինչպես հայտնի է, ՀՀ ԿԱ Ոստիկանության լիազորությունները տարածվում են Հայաստանի Հանրապետության սահմաններում և այլ պետությունից մարդ բերման ենթարկելու որևէ իրավունք հայրենի ոստիկանները չունեն: Փորձելով պարզել պատմության էությունը՝ մենք հարցում ուղարկեցինք ոստիկանություն, որտեղից հայտնեցին, որ նշված տեղեկությունները գաղտնի են:
Հետևապես կամ Հայաստանի ոստիկանները իսկապես Վրաստանում «հատուկ օպերացիա» են իրականացրել և այնտեղից հետախուզվող քաղաքացու բերման ենթարկել, կամ, ինչն ավելի հավանական է, այդ անձին բերման են ենթարկել վրաստանցի իրավապահները, որից հետո նրան արտահանձնել են Հայաստան: Առավել հավանական երկրորդ այդ սցենարում ստացվում է, որ ոստիկանները «02» հաղորդման շրջանակներում պարզապես գլուխ են գովել և չեն հայտնել, որ հետախուզվողին իրականում վրացի իրավապահներն են բերման ենթարկել:
Համենայնդեպս, ոստիկանության նշված հրապարակման մեջ կամ ակնհայտ ապօրինության վկայություն կա, կամ պարզապես ապատեղեկատվություն: